Copy SMS

Վերջինը


Աշխարհի վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին... (c) Ֆ. Բրաուն


Վերջինը - միայնություն, միակը, վերջինը


…Արդեն չեմ հիշում, թե ինչպես ամեն ինչ սկսվեց: Թեպետ, այս դեպքում ճիշտ կլինի ասել՝ ավարտվեց: Բայց ինչը դարձավ այդ ավարտի սկիզբը՝ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ արթնացա սառնության տհաճ զգացողությունից: Պառկած էի գետնին՝ ճանապարհի մեջտեղում: Առաջին բանը, որ զգացի, լռությունն էր: Քարացած ու սառը լռություն: Տարօրինակ էր ու անսովոր: Մի պահ նույնիսկ թվաց, թե այդ ես եմ խլացել: Բայց ոչ, ես լսում էի սեփական շնչառությունս, լսում էի սրտիս աստիճանաբար արագացող բաբախոցները:

   Փողոցը, որ միշտ լի էր մեքենաներով, դատարկվել էր: Այգիներում կենդանի շունչ չկար:

   Մտածեցի, թե քնած եմ: Ուժեղ կսմթեցի ձեռքս, ցավն ինձ ստիպեց հրաժարվել նաև այդ ենթադրությունից…

   Ես զարմացած շուրջս էի նայում: Հետո զարմանքը փոխվեց վախի, վախը՝ պանիկայի: Ես խելագարի պես վազում էի փողոցներով, թակում ինձ անծանոթ դռները, գոռում էի ու, ի պատասխան լսելով միայն սեփական ձայնիս արձագանքը, էլ ավելի էի սարսափում:

   Ոչ ոք չկար: Մարդիկ հօդս էին ցնդել: Ամեն ինչ պարզ էր. Էպիդեմիան վերացրել էր Երկրի երեսից մարդ էակին: Բայց… այդ դեպքում ես ինչո՞ւ և ինչպե՞ս էի ողջ մնացել: Ես, որ ոչնչով աշխարհում հայտնի չէի: Ես երգիչ չէ, դերասան չէի, ես ո՛չ ատոմային ռումբ էի հայտնագործել, ոչ էլ ահաբեկչություն էի կազմակերպել: Ես նույնիսկ գերտերության նախագահ չէի: Այդ դեպքում ինչո՞ւ հենց ես պետք է այսքան խիստ պատժվեի: Ի՞նչ մեղք էի գործել… Ես մի հասարակ մարդ էի, ով ուներ ընտանիք, աշխատանք, սիրելի ֆուտբելային ակումբ ու չափազանց քիչ ժամանակ…

   Իսկ ո՞վ եմ ես հիմա: Եվ ե՞րբ է այդ «հիմա»-ն: Որքան ժամանակ է անցել այն օրից, երբ ես հասկացա, որ երկրագնդի վրա և, գուցե, ողջ տիեզերքում, մարդ արարածի միակ և եզակի նմուշն եմ… Գուցե մեկ տարի, գուցե՝ հարյուր… Իսկ անցե՞լ է ժամանակ ընդհանրապես: Իսկ ի՞նչ նշանակություն ունի դա հիմա: Ես աշխատանքի չեմ շտապում, չեմ սպասում իմ սիրած ֆիլմին, կարող եմ ընթրել առավոտյան կամ նախաճաշել գիշերը: Չկա սուբյեկտիվ ճշմարտություն՝ չկա նաև օբյեկտիվ ճշմարտություն: Դրանք հիմա մեկ ամբողջություն են…

   Սկզբում ինձ թվում էր, թե կխելագարվեմ: Ես խոսում էի ինքս ինձ հետ, որպեսզի խոսելը չմոռանամ: Խոսում էի բարձր, շշուկով: Խոսում էի երկար, այնքան երկար, մինչև որ սեփական ձայնս ինձ օտար չէր թվում:

   Ես լալիս էի, գոռում, պոկում մազերս, կրճտացնում ատամներս: Ես խելագարվում էի, բայց հույսն ինձ չէր լքում: Այն ինձ մինչ օրս չի լքում: Ես անհասցե հաղորդագրություններ էի ուղարկում ռադիոյով, սոց.ցանցերով, անգամ հեռուստատեսությամբ՝ հուսալով, որ աշխարհի մյուս ծայրումինձ պես դժբախտ մեկն էլ կա ու անպայման կարձագանքի: Ջանքերս ապարդյուն էին: Բայց ես դեռ հույսս չեմ կորցրել. այն միակ բանն է, որ կապում է ինձ այս կյանքին:

   Միակը լինելը դժբախտություն է: Պատիժ: Անեծք…
   Միայնություն… Որքան էի ես սիրում այս բառը: Ես ինձ ինտրովերտ էի կոչում, ես միշտ հեռու էի վանում մարդկանց ինձանից: Աստված իմ, որքան քիչ ժամանակ էի անցկացնում կնոջս ու երեխաներիս հետ: Միշտ մերժում էի, երբ փոքրիկս խնդրում էր իր հետ ֆուտբոլ կամ շախմատ խաղալ: Երբ հիշում եմ նրա դեմքը, հայացքը, խոշոր, անմեղ աչուկները… սիրտս մղկտում է, կոկորդս՝ սեղմվում: Ես ուզում եմ գոռալ: Ու գոռում եմ, որովհետև ես ազատ եմ: Ազա՜տ եմ, ազատ, ազատ, ազա՜տ… Գրողը տանի այս ազատությունը, որ անեծք է դարձել ինձ վրա: Ատում եմ ազատությունը, ատում եմ, ատո՛ւմ…

   Իմ ընտանեկան լուսանկարը շուրթերիս եմ սեղմում, համբուրում եմ, համբուրում, մինչև որ այն չի թրջվում արցունքներիցս…

   Մենակություն, մենակություն, մենակություն…

   Ես հիմա ամուր կգրկեի ու կհամբուրեի անգամ ոխերիմ թշնամուս, կսիրեի նրան աշխարհում ամենից շատ: Եթե միայն նա այստեղ լիներ…

   Ահա թե ինչ է իսկական միայնությունը: Երբ կարոտում ես թշնամուդ:

   …Ո՞վ եմ ես հիմա: Ոչ ոք: Ոչինչ: Ոչնչություն: Ես անգամ իմ անունը չեմ հիշում: Իսկ իմ ինչի՞ն է պետք անունը: Մարդկանց անուններ են տալիս իրարից տարբերելու համար, բայց, գրողը տանի, հիմա չկա «մարդիկ», կա «մարդ»՝ եզակի թվով եզակի մարդ:

   Ինչո՞ւ եմ ես ապրում: Ո՞ւմ համար…
   Ախր, մարդն ապրում է մյուս մարդկանց համար: Նրանց սիրելու կամ ատելու, խնամելու կամ վնասելու, կյանք տալու կամ սպանելու, արհամարհելու կամ ինչ-որ բան ապացուցելու համար: Իսկ ինչի՞ համար եմ ապրում ես…

   Որովհետև ես ողջ եմ մնացել: Ես միակն էի, ով ողջ մնաց Մեծ Էպիդեմիայից հետո: Հետևաբար՝ ես դատապարտված եմ ապրելու: Ես պարտավոր եմ ապրել, որովհետև կյանքն ինձնից ինչ-որ բան է ակնկալում: Կյանքը սիրում է ինձ, ես էլ կյանքն եմ սիրում:
   Ցավալին այն է, որ ես հասկացա այդ միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս փոխել հնարավոր չէր:

   Որքան եմ զղջում չասված խոսքերիս, չարված քայլերիս, չիրագործված նպատակներիս համար…

   Այո, զղջում կամ ափսոսում են չարվածի համար, արվածի համար չեն զղջում…

   Ես սիրում եմ կյանքը, բայց ատում եմ ինձ: Սրանք անհամատեղելի զգացմունքներ են, բայց քանի դեռ հավասարակշիռ վիճակում են, ես կշարունակեմ ապրել: Որպես վերջին մարդը երկրագնդի վրա, ես կապրեմ ու կմեռնեմ, ինչպես մյուս բոլորը: Իսկ պատմությունը կկրկնվի նորից ու նորից:

   Իսկ մարդիկ այդպես էլ կապրեն կույր ու կտեսնեն կյանքը մեռնելիս միայն…


Վերջինը - միայնություն, միակը, վերջինը

11

2

801

  • 2016-03-07 22:53:03
    Ավելի լավը լինել չէր կարող ինձ պես միայնության ձգտող մարդու համար )) Շնորհակալություն
  • Էննի
    2016-03-07 22:54:33
    Ձեզ էլ եմ շնորհակալ:))Շատ ուրախ եմ, որ հավանեցիք:))