Copy SMS

«Ես մարդասպան չեմ»


«Ես մարդասպան չեմ» - Հեղինակային, պատմվածք «Ես մարդասպան չեմ» (պատմվածք)

-Ես մարդասպան չեմ,ուղղակի որոշել եմ բարեպաշտ դառնալ՝ կեղծակերպը ջնջելով:Այո՜,այս մարդախտով ամեն ինչն է վարակվել:Բնությունն իմ օգնության կարիքն ունի.թագը ժանգոտել է...Պետք է նվազագույնը ապառաժակուռ սիրտ ունենալ աշխարհը կործանման մեջ թողնելու համար,անգամ թե դա պահանջում է վերին աստիճանի շատ զոհաբերություններ(սեփական անձի դեպքում հարվածը թույլ է,եթե կարողանայի ախտն ինձ հետ տանել,չէի երկմտի):
Մա՛մ,դու քո Ջորջին չհասկացար,երբեք էլ չես հասկացել,որովհետև փորձելու միտքը խոհմունքդ չի օղակել ,մինչդեռ իմ շուրջը արդեն որերորդ պտույտն է անում հուսահատության փշալարը՝ երբեմն մինչև վերջ նեղանալով ու մեջս խրվելով: Ես այս գիտակցեցի հինգ տարեկանում (իզուր չէ,որ բոլորը ինձ տարօրինակ էին համարում.խելամտությունը անօրեն վայելքերին հասնելու դռները փակել գիտեր,հետևաբար շատերի համար խորշելի էր,իսկ նրանք դրան « տարօրինակ» անունը տվեցին):Մինչ բոլորը իրենց պլաստմասե բազմատեսակ խաղալիքներով էին զբաղված,ես ծաղկաթերթեր էի լցրել մահճակալիս,որ ճնճղուկիս վիրավոր թևը չցավի:Նրան կրակել էին,ա՜խ,այդ մարդախտը... Բայց դու,մա՛մ,բարկացար ՝ վերնաշապիկիս վրայի կարմիրը տեսնելով:Քո Ջորջը չպետք է ամոթով թողներ քեզ,բայց մի՞թե այդ գրողի տարած հագուստը կմեռներ մաքրությունից հոսած արյան կաթիլներից...
12 տարեկան էի,երբ Աստված (իրավ,նա կա,չէ՞ որ ես որոշել էի բարեպաշտ դառնալ) քեզ կրկին հնարավորություն տվեց փորձելու,բայց իմ ճնճղուկը դեռ վեց տարեկանում էր սատկել՝ հայտնվելով պատուհանի տակ դրված գարշահոտ սևազգեստ հագած աղբամանի որովայնում.ես էլ էի սկսել մարդախտով վարակվել (կանգնել ստացվեց,ուղղակի ոմանք նոր անունով պսակեցին ինձ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆ): Այդ օրը ռետինե ֆուտբոլիստիս ոտքը պոկվել էր,ես լաց եղա.դեռ գիտեի կորուստների համար ցավել:Դու տեսար ինձ դրա համար արցունք քամելիս ու աղբամանը գցելով՝ նորն առար.սևազգեստը ոչնչով չէր փոխվել...
Հարցրե՞լ էիր ինձ՝ նորն ուզում եմ,թե ոչ:Ախր այդ նոր ոտքն ինձ համար գոլեր չէր խփել ինքնաոչնչացման գնով (չէ՜,հաստատ բարեպաշտ եմ դառնալու) ,և ոչ էլ գնածդ մեքենայի անիվն էր երջանկացրել նախորդի նման,որ գլորվելով մի կողմ ընկավ:Կրկին հանգրվանը սևազգեստի որովայնն էր... 
Նախորդ տարի պապան որոշեց առաջ ընկնել կամ պարզապես ընկնել... Գիտեմ,որ նա ինձ չէր սիրում,բայց աղբամանում հայտնված խաղալիքներս էլ ինձ չէին սիրում,իսկ ես դրանց համար միշտ լաց էի լինում:Պապայի համար չլացեցի,որովհետև սիրելու կարողությամբ օժտված երջանիկներից էր,բայց չսիրեց... Մյուսներին ես օգնեցի ընկնել, ավանդները շարունակել էր պետք .մենք բարեպաշտ ընտանիք էինք,չէ՞: Անկումն այնքա՜ն գրավիչ էր...
Հիշու՞մ ես իմ առաջին սեպտեմբերի մեկը,ես միայնակ էի նստել:Ոչինչ չի փոխվել...
Նրանք ինձ ատում էին տարբերվելուս համար,բայց ո՞վ էր ինձ հարցրել այդպիսին ստեղծելուց առաջ,երևի ես էլ նրանց պիտի ատեի ինձնից տարբերվելու համար,ուղղակի ձեզ նման թույլ չէի.ուժեղ լինելն էլ ես չէի ընտրել:
Երկնքում ցավից այրվում էր լուսինս,աստղերը միշտ նախանձում էին նրան իր լուսագեղության համար...
Մա՜,այրվում եմ,ո՜նց եմ այրվում...ո՜նց այրեցին ու ստիպեցին այրել...գրողը տանի...ինձ,-երեք անգամ կրկնելով «ինձ»-ը ՝ կարմիր մատներում եղած գիտակցության մղումով նրբորեն իջեցրեց կնոջ գլուխը գոգից,ապա նույն կարմիրը խառնեց ճակատի սև քրտինքին,երբ փորձում էր մաքրել ճակատի մեղքը: Կտրուկ ոտքի ելավ և նայեց շուրջը. ոտքերի առաջ ընկած էր մոտ քառասուն տարեկան մի կին,հագին երկարավուն շրջազգեստ էր՝ վերնամասում կարմրաթաթախ...մազերը մոլորվել էին ՝ հանգչող գիտակցության կայծերի ետևից վազելով,դրանց մի մասը տղայի ոտքերի տակ էին,երբ նկատեց,շտապով ետ գնաց ու մազափունջը խնամքով ետ գցեց: Պատուհանագոգի տակ ինչ-որ բան էր ընկած.նայեց մորը,ապա դրան և չգիտես որտեղից վրա հասած կատաղությամբ մոտեցավ ու դուրս նետեց կիսաբաց պատուհանից.բեռը բավականին ծանր էր,այդ էին փաստում դուրս ցցված երակները...
-Ես մարդասպան չեմ,ուղղակի որոշել եմ բարեպաշտ դառնալ՝ կեղծակերպը ջնջելով,- ասաց նա ավելի բարձր տոնով ու դուրս եկավ տնից...
Հաջորդ օրը ոստիկանական մեքենաների կուտակում էր.աղետ,քսանմեկամյա Ջորջը սպանել էր մորը՝ դանակ խրելով սիրտը,իսկ վերջում վերքի մեջ ճնճղուկ դնելով,պատուհանի տակ ընկած էր նրա իննամյա քույր Ջեյնը.կիսաչորացած արյունը շտապում էր խառնվել ոստիկանների կոշիկների սևին...
-Ես եկել եմ,որ քեզ մոտ լինեմ,իմ ճնճղուկ...
Տարօրինակ ճիչ լսվեց,ոստիկանները շտապեցին աղբամանի մոտ. աղբամանի մեջ պառկած էր Ջորջը՝ ժանգոտ երկաթը որովայնում...


Շնորհակալություն ուշադրության համար,սիրով՝  Կուլե