Copy SMS

Լավ կլինի

Լավ կլինի - լավատեսություն, պայքար, ուժ, հավատ, հույս


Դասարանում բոլորս լուռ էինք: Ոչ ոք չէր էլ մտածում դաս սովորելու կամ պատասխանելու մասին: Դպրոցում ոչինչ չէր փոխվել. նույն սառը, մոխրագույն պատերը, փոշոտ հատակը, մեզ համար արդեն մի քիչ փոքր նստարանները… Միայն թե մռայլ եղանակից առանց այդ էլ մթնած դասարանն էլ ավելի էր մռայլվել: Ու պատճառն ամենևին էլ ամուր փակված շերտավարագույրները չէին: Դասարանն ամպամած էր. առաստաղից կախվել էր մռայլ մտքերից գոյացած մի մեծ ամպ: Այդ ամպից թափվող անձրևն էլ աղի համ ուներ: Անձրևը դասարանում արցունքահամ էր…

   Դրսի զանգը փոխարինվում էր ներսինով, ուսուցիչները մեկը մյուսի հետևից մտնում էին դասարան, դռները փակվում էին նրանց հետևից, միջանցքներում լռություն էր տիրում: Բայց այսօր այդ լռության մեջ շատ չասված խոսքեր կային: Խոսքեր, որոնք պետք է ասվեին, բայց էլ չեն ասվի: Ասվեն էլ, մեկ է՝ չեն լսվի: Պայթյունների ձայնը թույլ չի տա…

   Պատմության ուսուցչուհին այսօր ոտքը ոտքին չէր գցել, նրա մեջքն այսօր սովորականի նման ուղիղ ու ձիգ չէր: Այսօր նա մեզ իր թափանցող հայացքով չէր ծակում: Այսօր նա նայում էր մեր միջով՝ ինչ-որ անորոշ կետի:

   Դասընկերներս իրար չէին նկատում: Նրանք դասարանում չէին, հեռու էին՝ ընկերների, սիրելիների, հարազատների կողքին: Հետևումս նստած աղջիկները քչփչոցով նորություններն էին կարդում, երբեմն քչփչոցներն ընդհատվում էին հեկեկոցներով: Կողքիս նստող տղային չէի նայում, բայց նկատում էի, ինչպես են ժամանակ առ ժամանակ բռունցքները սեղմվում: Հետո բարձրաձայն հոգոց էր հանում ու տեղում անհանգիստ շարժվում: Ուզում էր շփման գոտում կանգնած եղբոր կողքին լինել հիմա, ներսից ուտում էր իրեն, բայց ստիպված էր ատամները կրճտացնելու աստիճան ճիգ գործադրել՝ տեղը հանգիստ նստելու ու նորության սպասելու համար:
   Վերջին նստարանին նստած դասընկերուհիս չէր էլ փորձում թաքցնել արցունքները. ի՞նչ իմաստ ուներ: Մազերը գզգզված էին, աչքերն՝ ուռած ու կարմրած, ուսերը՝ կախված, հայացքը՝ թափանցիկ: Երկու օր է՝ հորից ոչ մի լուր չուներ... Կողքին նստած մտերիմ ընկերուհին գրկել էր նրան ու թույլ տվել, որ գլուխը դնի իր ուսին: Ու անընդհատ շշնջում էր. «Լավ կլինի, չմտածես…»:

   «Լավ կլինի»: Այս բառերը լողում էին օդում… փրկարարական օղակի նման: Մենք փորձում էինք որքան հնարավոր է ամուր բռնվել այդ օղակից, որովհետև դա փրկության միակ հույսն էր: Իսկ ինչպես սիրում է ասել մեր պատմության ուսուցչուհին՝ տխուր սրտի միակ սփոփանքը հույսն է…

   Մյուս դասընկերուհիս կանգնել էր պատուհանի մոտ՝ մեջքով դեպի ինձ: Բայց դողացող ուսերից դժվար չէր կռահել, որ լաց է լինում: Հեռախոսով անընդհատ ինչ-որ մեկին էր փորձում զանգել, թե ում՝ էլի դժվար չէ գուշակել: Վերջապես կարողացավ կապվել. դա երևաց զգացվեց նրա փայլող աչքերից: Միայն թե չկարողացա հասկանալ՝ դա երջանկությա՞ն փայլն էր, թե՞ թափվելու պատրաստ արցունքների…

   Սպասում էի, որ հիմա հարցերի տարափ կտեղա, բայց դասընկերուհիս ցածրաձայն ասաց. «Գիտեմ, որ երկար խոսել չես կարող: Հիմա քեզ ոչ մի հարց չեմ տալիս, որովհետև գիտեմ, որ մեկ է՝ անկեղծ չես խոսելու: Ես գիտեմ, որ դու լավ չես, գիտեմ, որ հոգնած ես, վախեցած: Ուղղակի… դու հանձնվելու իրավունք չունես: Ես հավատում եմ քեզ: Մենք բոլորս ենք քեզ հավատում: Դու պիտի ուժեղ լինես: Որովհետև ես էլ եմ ուժեղ: Ժպտում եմ, տես… Լսո՞ւմ ես ժպիտս»…
   Ու իսկապես ժպտաց: Չնայած այտերի վրայով արցունքներ էին հոսում, դասընկերուհիս ժպտաց: Համոզված եմ, որ այդ տղան իսկապես լսեց նրա ժպիտը: Մենք էլ լսեցինք: Մենք մեզ շատ ուժեղ զգացինք: Պատմության ուսուցչուհին բարձրացրեց աչքերն, ու երկու անհնազանդ արցունքի կաթիլ այտի վրայով ներքև հոսեցին:

   Դասընկերուհիս հեկեկաց ու անջատեց հեռախոսը: Նորից լռություն տիրեց, դասընկերներս իրար էին նայում, ու բոլորի հայցքներում էլ նույն բանն էր գրված. «Լավ կլինի»:

   Նրանք հավատում են մեզ: Մենք նրանց հույսն ենք, ուժը, քաջությունը: Մենք նրանց հենման կետն ենք: Ո՞վ է մեզ իրավունք տվել վախենալու կամ հուսահատվելու: Մենք ո՞վ ենք, որ չհավատանք լուսավոր ապագային: Մեզ միայն այդ լավատեսությունն է մնացել, մենք իրավունք չունենք այն բաց թողնելու…

   Դասընկերուհիս ձեռքի կտրուկ շարժումով մի կողմ տարավ վարագույրը: Դասարանը լցվեց նոր դուրս եկած արևի տաք լույսով: Առաստաղից կախված վատատեսությունը կամաց-կամաց ցնդեց:

   - Ամեն, - ասաց անկյունում կանգնած աթեիստ դասընկերս ու խաչակնքվեց: 

16

7

1026

  • A.....
    2016-04-05 16:41:11
    Atvac im nuyn patmutyun@ .....ayso nuyn baner karatvum mer dasaranum ..inch ahavor.....menq dzer koxqin enq HAY ZINVOR chhusahatves kyanqum ...sirum enq dzez bolorid...Hpart enq dzezanov..
  • A.....
    2016-04-05 16:41:40
    inch ahavora *
    • Էննի
      2016-04-05 21:31:14
      Ամեն ինչ լավ ա լինելու: Որովհետև ավելի վատ էլ չի լինում:
      • A.....
        2016-04-05 21:48:08
        ES HPART EM HAY ZINVOROV>>>>SIRUM EM BOLOR ZINVORNERIN SHAT SHAT
  • Pray For Armenien SOLDIER
    2016-04-05 19:05:55
    Ամեն ինչ Լավ է լինելու,քանի որ ունենք սարի պես տղերք,ու պիտի հպարտ լինենք մեր տղերքով, մենք հիմա մեր աղոթքով պիտի լինենք իրենց կողքին,ու մեր հավատքով
    • Էննի
      2016-04-05 21:32:05
      Թագավոր տղերք ունենք, մենք վախենալու ու հուսահատվելու պատճառ չունենք: Մենք իրենց ուժն ու հույսն ենք, իրենք՝ մեր:
  • FloydZepp
    2016-04-08 15:14:41
    Մեր կուրսում էլ մի քանի օր է այդ վիճակն ա ;Եսել լինոլվ Աթեիստ ամեն օր աղոթել եմ ու հավատացել որ ետ աղաոտքները ես անգամ իրոք տեղ են հասնելու; Իրոք մենք չքնաղ ազգ ենք ես օրերի մեր միասնությունը ուղակի չգիտեմ րտեսնված էր ամենափոքր քաղաքացու աչքերին անգամ նայում էիր ու զգում որ ինքնելա մտահոգված, Ամեն ուրեք հայերանասիրական բարձր հոգի կար ու ետ իրական էր ոչ ոք կեղծ չէր; Ամեն ինչ լավ կլինի քանի որ ունենք այ սենց հերոս սերունդ, Հերոս Տղաներ, միասնական հրաշք ազգություն որ վաղվա մեր ապագանա;