Copy SMS

Տոլմեն դիր վրեն, մա՛մ, հեսա գալիս ենք

Տոլմեն դիր վրեն, մա՛մ, հեսա գալիս ենք - նամակ, կարոտ, հայրենիք


<<Երեք տանկ ենք խփել մա՛մ, մեկը ես եմ խփել: Հանկարծ չլացես, մա՛մ, գալու եմ, հաղթած եմ գալու: Մա՛մ, պապային հանկարծ չթողնես գա: Մա՞մ, պապային ինչի՞ թողեցիր գա, մա՛մ… Պապան հետս ա մամ, մի՛ նեղվի, լավ կպահեմ: Էս ինչքան բան ես ուղարկել, մա՛մ: Պապան ասում ա՝ լացում ես, խնդրում եմ, մա՛մ, մի լացի, երկուսով ենք, էլ մեզ հաղթող չի լինի: Առաջ ենք գնում, մա՛մ…

Պապային ասա, թող հետ գա, մենակ չես լինի էլ, համ էլ չի թողնում ես առաջ գնամ, ինքն ինձանից առաջ անցած գնում է: Բայց դու մի նեղվի, մա՛մ, ես կողքն եմ, հանգիստ եղի, բայց ասա, թող հետ գա: Ինքը որ կռվում էր, ես իր կողքը չէի, հիմա իմ հերթն է, մա՛մ: Չի լսում ինձ, քեզ կլսի, երեւի: Մի քիչ նիհարել ա աչքիս, էլ չի խմում, ստեղ ոչ մեկ չի խմում, ստեղ խմել չի կարելի, ստեղ բացի առաջ գնալուց ոչ մի բան չի կարելի, խոցվել էլ չի կարելի, դրա համար մի նեղվի, մա՛մ, գալու ենք, երկուսով ենք գալու, երկուսս էլ գալու ենք, իրար հետ, մեզ հաղթել չի լինի, իրար հետ ենք:

Գեւորգ ձյաձան էլ եկավ, մա՛մ, մեր թաղը սաղ ստեղ ա` տղերքով ու հերերով: Մի կողմից էլ լավ ա, էլ րոպեն մեկ չեն զանգի, տենան ո՞նց ենք, ո՞ւր ենք…Մեր կողքն են ու իրանք տեսնում են, որ լավ ենք ու որտեղ ենք: Միշտ նույն տեղը չենք մնում, մա՛մ, առաջ ենք գնում: Կարող է մտածես, որ, առաջ գնալով, քեզնից ենք հեռանում, մա՛մ, չէէ, որքան առաջ ենք գնում, էնքան մոտենում ենք քեզ, որովհետեւ, որքան առաջ ենք գնում, էնքան մոտենում ենք հաղթանակին: Արդեն մոտ ենք, մա՛մ: Հիշո՞ւմ ես, որ մինչեւ բանակ գալս տղերքով ֆուտբոլ էինք խաղում, որ պարտվում էինք, մեկ էլ պապաները մտան դաշտ՝ մեր կողմից, ու հաղթեցինք: Նույնն ա, մա՛մ, ֆուտբոլ ա, մա՛մ, ֆուտբոլի նման անվտանգ ա, մա՛մ ու ֆուտբոլի պես հաղթելու ենք, մա՛մ: Հնարավոր չի պարտվենք, իրավունք չունենք պարտվենք: Հեր ու տղեն միասին չեն պարտվում, միասին չեն պարտվում, անհնար ա:

Մի բան եմ ուզում ասել, մա՛մ: Սուսան տոտայի աղջիկ Աննան, ո՞նց ա: Տեսնո՞ւմ ես, ավելի ա՞ սիրունացել: Չէ, ուրիշ բան մի մտածի, ուղղակի հիշեցի, ստեղ շատ եմ հիշում, ստեղ հիշելու տեղ ա: Պապան, օրինակ, երեկ գիշերը հիշել էր ձեր առաջին հանդիպումը, ինձ էլ ասեց՝ մտքիդ աղջիկ չկա՞: Սուսան տոտայի Աննային կանչի մեր տուն, մա՛մ, գալու եմ, մա՛մ, եթե ինձանից հարցնի, ասա, որ շատ լավ ա: Մա՛մ, ասա, որ հեսա պրծնելու ա ու գա, բանակը չէ, մա՛մ, կռիվը…

Էսօր ամսի 5-ն ա, մա՛մ, ո՞նց ես վարկը փակել: Պապան էլ ստեղ ա, ո՞նց ես կարողացել: Դրա համար եմ ասում` ասա պապային, թող հետ գա: Ինքն էդտեղ ավելի պետք ա: Չի ասում, բայց քեզ կարոտել է, մա՛մ, երեկ գրպանում քո նկարը տեսա, հետեւն էլ գրել էր` ես քեզ սիրում եմ: Ես էլ եմ քեզ սիրում, մա՛մ, բան չմնաց, հաղթում ենք:

Մա'մ ջան, էսօր թուրքի գյուղ ենք մտել, բայց դու հանգիստ եղիր, ո՛չ ես, ո՛չ պապան մարդ չենք սպանել: Բոլորը փախել էին, մարդ չկար: Եթե լիներ էլ, չէինք սպանի, մա՛մ, մեր կռիվը մարդկանց հետ չի: Պապան ասում ա՝ մորդ ասա տոլմեն դնի վրեն, հեսա գալիս ենք:  Տոլմեն դիր վրեն, մա՛մ, հեսա գալիս ենք… Շատ հեռու ենք գնացել, բայց հեսա գալիս ենք, հաղթում ենք, արդեն հաղթել ենք ու սոված ենք, շատ սոված: Միսը մենք կառնենք, մա՛մ, դու հանկարծ չառնես:

Մա՛մ, Սուսան տոտայի Աննային ասա, թող գա քեզ օգնի…Ես ձեր ցավը տանեմ, մա՛մ:

Քո զինվոր որդի»:

Հովիկ Աֆյան

Աստված Պահպանի բոլոր Հայ Քաջերին որոնք այս պահին սահմանում են....

21

8

1364

  • Էննի
    2016-04-05 17:14:02
    Ուժեղ էր...
  • Lili Petrosyan
    2016-04-05 18:03:28
    (բռավո)
  • Pray For Armenien SOLDIER
    2016-04-05 19:01:47
    կմեռնեմ,,,
  • Նիկեա
    2016-04-05 23:05:35
    Աստված մեծ ա, Աստված մեր հետ ա, լավ ա լինելու, հաղթելու ենք
  • Psto
    2016-04-06 13:52:56
    (լավ) (լավ)
  • Rikarimo
    2016-04-07 00:04:57
    ԴՈՒՔ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ , ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ ՏՂԵՐՔ ...
  • fiction ☯
    2016-04-07 23:18:32
    չգիտեմ՝ ինչ գրեմ. ամեն ինչ կար ուսիրուն էր ասվում
  • 2017-05-04 19:40:29
    :*