Copy SMS

Ասոի տան անկումը (պատմվածք)

Ասոի տան անկումը (պատմվածք) - Գյուղ, մանկություն, արտագաղթ




Պապը դռանը կնստի ու կծխի, կմտածի՝ խոտը ժամանակին բերեն՝ չմնա անձրևի տակ, չփչանա: Կմտածի՝ կովին սարը ուղարկի, թե՞ թողնի գոմում: Բա՞ որ անտերը հանդում ծնի, ո՞նց բերեմ, ոտքերս էլ չեն անում, Ասոն գործի է, էն մեծն էլ կասի՝ Ես զզվում եմ: Չե՞մ ասել, որ ես ձեր կով ու հորթի հետ գործ չունեմ: Ես ուսանող մարդ եմ, իմ վրայից գոմի ու թրիքի հոտ պիտի չգա:
Թե ու՞մ քաշեց շան լակոտը, էդպես զզվող ու էդպես արիստոկրատ, բանվոր հո՞րը, խեղճուկրակ մո՞րը, թե՞ ինձ: Չէ, ոչ ինձ, ոչ էլ նրանց, փոքր հորողբորը քաշեց, որ գիր ու գրականության ծարավ ուներ, ու հնձից,հավաքից, ցանքից ու աշխատանքից փախած էր ման գալիս: Թո՛ղ էսքան շուտ չգնար, թող ողջ լիներ ու էլի փախչեր: Էսպես, ուրեմն, թող կովը մնա գոմում, որովհետև ոչ մեկս էլ չենք կարող ծնած կովին հանդից տուն քշել ու հորթը խտտած իջացնել: Մեջներիս ժիրը էն լակոտն է, բայց նա էլ մի մատ երեխա է, կարող է ճանապարհին ոտքը ոլորել, կամ էլ ծմակի մեջտեղում մոլորվել՝մնալ:
Պապը կնստի, կմտածի, կծխի, աչքը գցած հարսի լվացք փռելուն, բակը ավլելուն, լվացքաջուրը փողոց շփելուն, հարևանուհու հետ բարձր ծիծաղելուն ու մտքում ուշունց կտա ու կասի էս թվի լրբերը՝ պա՜հ, պա՜հ, պա՜հ: Բայց ուշունցի մեջ չարություն չի լինի, թույն չի լինի, ավելի շուտ խղճմտանք ու գոհունակություն կլինի, որովհետև իր տղան խմող ու բոզարած է, բայց գյուղի ամենատնարար ու խելոք աղջիկներից մեկին է կնության առել:
Պուճուր թոռը, որ հացը, կարտոլը, թանը պետք է կեսօրին հասցնի հոր գործի տեղը, տոպրակը պատերին տալով կվազզի, մերը հետևից ձեն կտա՝ էտ բանկեքն իրարով մի՛ տա, կջարդես: Պուճուրը չի լսի ու կվազզի, կանցնի պապի առաջով, պապը հետևից կգոռա՝ էտ ամանները իրարով մի՛ տա,հիմարի մեկը, բա դու մեր չունե՞ս, բա քո մերը քեզ չի՞ դաստիարակել:
Բայց պուճուրը չի լսի, որովհետև արդեն հասել է դաշտերը տանող ճամփի պռնկին ու ժամանակ չունի: Հորթերին հանդը տանող ընկերներին ձեն կտա,որ սպասեն իրեն,կվազի, կսուլի, կհասնի ընկերներին: Քրտինքը կպաղի, շունչը տեղը կգա, ամանների դղրդյունը կմեղմանա: 
Ընկերներով կհասնեն արոտատեղը, կնստոտեն բաց դաշտում, պուճուրը գրբանից մի կապ մերկ աղջիկների լուսանկարներով խաղաթուղթ կհանի, կնայեն, կհիանան, ձեռից-ձեռ կփոխանցեն իրար: Կզգան, որ շալվարի մեջ ինչ-որ բան տաքացավ ու սկսեց խանգարել: Ձեռները կտանեն խանգարող տեղին: Տղեքից մեկը՝խլվլուն աչքերովը, հորից մի քանի պապիրոս թռցրած կլինի, կհանի՝ կսկսեն ծխել, կնայեն անծանոթ մերկ գեղեցկուհիների նկարներին ու ձեռքները նորից կտանեն խանգարող տեղին, հետո պուճուրը տոպրակից կհանի հոր թանը,կարտոլը, հացը, կասի՝ կերե՛ք: Համ կուտեն, համ կծխեն, համ կնայեն խաղաթղթերին, համ էլ ձեռքները կմտցնեն շալվարների մեջ:
Չոբանը հեռվից կտեսնի, որ Ասոի տղան, Վասիլի թոռը ընկերների հետ գուզ մտած ծխում է, թաքուն, թաթերի վրա կիջնի, խլվլուն աչքերովը կնկատի, կասի՝ Չոբա՜նը: Քամակները բաց կփախչեն, պուճուրը հոր թանը, կարտոլը, հացը վախից կմոռանա: Չոբանը կգա, թանը կքաշի գլուխը ու կգնա կորած ցուլիկին գտնելու ու չի հիշի, որ Ասոին պետք է ասի, որ էրեխուն ծխելուց տեսել է, դրա ի՞նչ տարիքն է, մատները դաղիր, որ էլ նման բան չանի:
Ասոյի առաջնեկ տղան,Վասիլի առաջնեկ թոռը, ում ծնվելուց պապը մորուքը սափրեց ու ասաց՝ վե՛րջ, էս տանը սուգ ու շիվանը վերջացավ, մեռնողը մեռնում է, ապրողն՝ապրում ու երեխային իր մեռած փոքր տղայի անունը դրեց, վերջում էլ ավելացրեց՝ թող սա էլ նրա նման ինտիլիգենտ լինի ու հիմա փոշմանում է, որ էդպես է, որովհետև սա էլ նրա նման հողի ու անասունի հետ սեր չունի, բայց ամեն դեպքում սիրելի է, որովհետև բացի ինքը լինելուց նաև իր մեռած հորեղբայրն է:
Այդպես , առաջնեկը երես տված մեծացավ ու Հիմա էլ կոշիկները կվաքսի, մոր օծանելիքից մի ահագին գլխին կլցնի ու կինոների նման մի ահագին էլ դաստակներին կքսի ու կտրորի: Կստուգի՝ հո՞ բերանից տհաճ հոտ չի՞ գալիս, որովհտև՝ քաղաք է գնում: Մարդամեջ է դուրս գալիս:
Կգնա, կհասնի կանգառ: Գյուղի գեր,կարմիր, բեղատեղում աղվամազով կանայք, ճաքճքված ձեռքերով կտորի տոպրակների մեջ տնական ձու, բանկաներով ու շշերով կաթ,մածուն, առաժան տանելիս կլինեն քաղաք, որ վաճառեն, կամ փողանակեն ու էլի նույն ավտոբուսով, նույն կերպ ճաքճքված ձեռքերով ծանր պայուսակները ձեռքներին, առևտուր արած գան հետ՝ գյուղ:
Առաջնեկը կբարձրանա ավտոբուս, վարորդի կողքը կնստի, բայց վարրորդը նրան կիսախնդրել,կիսահրամայել կասի,որ գնա ուրիշ տեղ նստի,որովհետև էն նիհարը, որ հրե՜ն գալիս է: Բոզ է: Թող ինքը գա նստի կողքիս,որ տեսնեմ ի՞նչ եմ անում: Առաջնեկը կճանաչի նիհար կնոջը, կհիշի որ իր աչքերն էլ է դա բացել ու հայրն էլ ամեն շաբաթ դրա մոտ աչքաբացվում է: Մայրն էլ գիտի: Թաքուն լաց է լինում,բայց համբերում է, չի խոսում, որովհետև՝ երեխաները մեղք են: Առաջնեկը, կգնա ու կկանգնի, որովհետև էլ նստելու տեղ չի լինի ու կնայի, թե ինչպես է նիհար կինը վարորդի հետ տնավարի ասում-խոսում ու իր մեջ չարություն ու զզվանք կզգա ու այդ կաթի,մածունի,պանրի,քրտինքի հոտերի սուր միախառնումի մեջ կհասնի քաղաք:
Առաջնեկը՝ ցեղի պարծանքը, զզվողը, ինտիլիգենտը, քաղաքում սիրած աղջիկ ունի, կգնա սիրած աղջկա տուն, կնստի պապավարի կծխի խատժգամբի մոտ, հետո պապից սովորած բառերով կբողոքի կյանքից ու պետությունից, կձանձրանան: Ստից առիթով խանդի տեսարան կսարքի ընկերուհու գլխին, հորից սովորած տոնով ու ժեստերով կգոռգոռա, կնեղանա, խիստ ընկեր կխաղա, հետո մեծահոգաբար կների ընկերուհուն, գիրկը կառնի: Ընկերուհին կամաչի, կասի՝ գնա,քանի մերոնք չեն եկել: Առաջնեկը էլի պապավարի կնեղանա ու կասի՝ էսքա՞ն շուտ: Վեր կկենա, հետ կգա գյուղ:
Ասոն կկատաղի, կասի՝ բա ես ամբողջ օրը գամ, էս շինարարությունում էշի պես աշխատեմ, որ մի կտոր հաց էլ չբերե՞ն: Ասոի բանվոր-գործնկերները կնեղանան,կասեն՝ Ասո, բա չե՞ս ամաչում, հաց է էլի, մեր հետ կուտես,ի՞նչ է պետք,որ չկա: Ամեն ինչ էլ կա, թթի օղին էլ հետը: Կնստեն ընդմիջման կուտեն ու օղին կխմեն, կուտեն ու կխմեն: Ասոն շատ կխմի, որովհետև բարկացած է: Ասոն միշտ էլ շատ է խմում, որովհետև միշտ էլ բարկացած է:
Երեկոյան՝ պապը կովերին կկթի, հավերին թառին կանի, կգնա,կպառքի քնելու: Պուճուրը մոր հետ խոհանոցում հոր համար տոլմա կփաթաթի, առաջնեկը՝ընկերներին գլուխը հավաքաց քաղաքի բարքերից զրույց կանի ախպրի մոտ: Ասոն՝ հարբած կգնա նիհար կնոջ մոտ, գործը կանի,կվերջացնի, հետո կհիշի,որ տուն ունի,տեղ ունի, որ ինքը շինարարությունում է աշխատում էշի պես ու իրեն մի կտոր հաց էլ չեն տանում: Հերսոտած տուն կնկնի, կգոռա, կհայհոյի,հարևաններին գլուխը կհավաքի,առաջնեկը ընկերների հետ աղբրի մոտից վազզելով կգա հոր ձենից, սրտի նեղությունից լաց կլինի: 
- Ասո, Ասո ջան,բա դու չե՞ս ամաչում:
-Ասո,Ամոթ է, երեխեքդ մեղք են, կնիկդ մեղք է:
-Ասո ջան, գնա քնի հա՞, այ Ասո:
Ասոն՝ չէ: Չի հանգստանա, կհայհոյի,կռիվ կանի մե՛կ կնկա հետ,մե՛կ երեխեքի, մե՛կ հարևանների, մե՛կ բոզի, մե՛կ աստծո, մե՛կ բախտի,մե՛կ պետության, մե՛կ գործի ու մի կտոր հացի, մե՛կ փոքր ժամանակ իրեն ցած գլորած էշի:
Կնիկը՝ Ասո ջա՜ն: Պուճուրը՝ պապ ջա՜ն: Առաջնեկը՝ այտա՛: Հարևանները՝տնաշե՛ն:
Թաղի ջահելներից մեկը Ասոին մի կողմ կքաշի՝ Ասո, ամոթ է, նախ՝ կինդ ու երեխաներդ են մեղք, , տղեդ բանակ գնացած-եկած տղա է, տե՛ս ոնց է լաց լինում, հիմա սիրտը կպատռի, հետո էլ՝ էտ հայհոյանքներդ , թաղում ինչքան կին ու երեխա կար լսեցին: Համ Ասոին կհանգստացնի, համ աչքով-ունքով մնացած ջահելներին թամահի կգցի, որ իրենց հոգսառատ կյանքի էս զվարճալի դրվագից մի լավ օգտվեն ու ծիծաղեն:
-Գնա,Ասո ջան, գնա քնի,կինդ մեղք է:
Ասոն նորից կկատաղի՝տո ես դրա... էշի պես աշխատում եմ,մի կտոր հացն ի՞նչ է չի ուղարկում: Ասոն կհարձակվի կնոջ վրա,կխփի, ատամը կջարդի: Առաջնեկը կասի՝ ես քո լավը ու կուզենա հարձակվի հոր վրա, բայց մայրը արյունլվա բերանը մի ձեռով ծածկած,մյուս ձեռքով տղայի թևը լացելով կբռնի ՝բան չկա, խմած է:
Պապը ձայներից կզարթնի, փոխանը կհագնի, դուրս կգա ու առանց մի բառ խոսելու Ասոին ու թաղը մի ապտակով կխաղաղեցնի: Պապը կնայի հավաքված ջահելներին՝ի՞նչ է, թամաշա՞ է, ցրվեցեք ձեր տներով:
Ասոն միանգամից ուշքի կգա, իրեն կհավաքի, կգնա տուն ու խորը քուն կմտնի: Կմոռանա կնկան էլ, աստծուն էլ, էշին էլ,հացն էլ,բոզին էլ,բախտն էլ:
Տունը կխաղաղվի,թաղը քուն կմտնի ու առաջնեկը ընկերուհու հետ մինչև լույս հեռախոսով կխոսի, պուճուրը՝ էլի իր խաղաթղթերը կնայի վերմակի տակ, Կինը՝ Ասոյի մեջքը կծածկի, Ասոն՝երազում մեռած եղբորը կտեսնի, պապը՝ամբողջ գիշեր շուռումուռ կգա ու մտքում կասի՝թամաշա՞ էր:
Պապի գերեզմանին խոտ կաճի, Ասոն խմելը կթողնի ու ընտանիքին հավաքած կգնա խոպան՝աշխատելու, առաջնեկը՝կամուսնանա ու կնոջն էլ կտանի,պուճուրը՝մորը կոգնի տնային գործերում,թաղը՝նույնը կմնա,միայն Ասոի մշտաբաց դռները կփակվեն ու խոհանոցի պատուհանները կկարոտեն տոլմայի հոտին:



6

7

840

  • մեզ քո պես էլի անդամներ են պետք (լավ)
  • Արեն
    2016-07-06 22:33:14
    իմ պես էլ չկաՃՃՃ
  • ~~Մ~~
    2016-07-06 22:43:27
    Վաո՜ւ, մի քանի տողի մեջ միընտանիքի ամբողջ կյանք. շատ լավնա (բռավո)
  • Impression
    2016-07-07 15:36:38
    Դուր եկավ,,,գրելաոճը լավն էր,,կհետևեմ
  • Արեն
    2016-07-07 19:13:47
    մերսիներ
  • Արեն
    2016-08-08 00:20:49
    https://www.facebook.com/voskanyanaren