Copy SMS

Քառօրյա պատերազմ...

                        ՈՒղակի անհնարեր 


                                                  լռել


Քառօրյա պատերազմ. պատճառների եւ մեղավորների փնտրտուք

Քառօրյա պատերազմ... - պատերազմ, բացատրություն, նկար


16 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով եւ թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր: Կրկին անգամ արձանագրելու համար փաստը նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախապես ունենալով մի շարք առավելություններ: Այդ առավելություններն էին նախաձեռնված գործողությունների մանրակրկիտ ծրագրված լինելը՝ հարձակման հանկարծակիությունը (անկախ նրանից թե հայկական կողմը, ինչ չափով տվյալներ հայթայթած կլիներ հնարավոր հարձակման մասին): Հակառակորդ կողմը բախման մեջ էր մտնում ներգրավելով մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ մարդուժ, ձեռքին ունենալով գործողությունների պլան, որոնք նրան ընձեռում էին թելադրողի դեր՝ առնվազն սկզբնական որոշակի ժամանակահատվածում: Ի դեպ նկատենք, որ երկու կողմերի կուտակած տեխնիկական ներուժի պայմաններում ավելի հավանականը հենց կարճաժամկետ գործողություններն են, որոնք պատճառելով աննախադեպ մարդկային ու միջոցների կորուստ, կարճ ժամանակում կարող են արձանագրել շոշափելի արդյունքներ: Մյուս չակերտավոր առավելությունն այն է, որ ադրբեջանական արկածախնդիր ղեկավարությունը պատրաստ է փոքր հաջողությունների դիմաց անգամ զոհաբերել մարդկային եւ այլ կորուստներ, այն դեպքում երբ հայկական կողմը միշտ էլ կաշկանդված է հատկապես մարդկային մեծ կորուստներ չունենալու մտահոգությամբ:

Արժե հիշել, որ հայր Ալիեւը նման արկածախնդրության դիմեց 1993 թվականի դեկտեմբերին, այն ժամանակվա շփման գծի ողջ երկայնքով անակնկալ նախաձեռնելով լայնածավալ հարձակում: 93-ին ադրբեջանական կողմին հաջողվեց ճակատի տարբեր տեղանքներում շոշափելի առաջխաղացում ունենալ, ինչպես եւ հայկական կողմին պատճառել մեծաթիվ զոհեր: Ծանր ու դժվարին այդ դիմակայության ժամանակ մեկ-մեկուկես ամիս անց միայն հայկական կողմին հաջողվեց շրջել իրավիճակը եւ դանդաղորեն հակահարձակում ծավալել: Մարտ-ապրիլը հայկական զինուժի ակնհայտ հաջողությունների ժամանակահատվածն էր, որից հետո հակառակորդը դիմեց զինադադարի խնդրանքով՝ ինչն էլ ամրագրվեց 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեքի համաձայնագրով:

Ադրբեջանն այն ժամանակ ծանր հատուցեց ձեռնարկած արկածախնդրության համար, սակայն հայկական կողմն էլ կարողացավ շտկել սահմանագիծը, հարյուրավոր հայորդիների նահատակության գնով:

Որդի Ալիեւի ձեռնարկած հարձակումը, հիտլերյան հայտնի «բլից-կրիգի» օրինակով, դարձյալ մարդկային կորուստների առումով ծանր հետեւանքներ ունեցավ (իհարկե ոչ նախորդի չափով), ինչն անխուսափելի է ներկայիս ռազմատեխնիկական հնարավորությունների պայմաններում: Փաստ է, սակայն, որ հակառակ ադրբեջանական կողմի ունեցած առավելություններին հայկական կողմին հաջողվեց թշնամուն կանգնեցնել՝ գրեթե թույլ չտալով նրան առաջանալու դեպի հայկական տարածքներ , ինչն իր հերթին կմեծացներ կորուստների ծավալն ու կշիռը:

Պետք է ընդունել, որ Ադրբեջանի սպառազինվածությանը լավատեղյակության դեպքում անգամ հայկական կողմի համար դժվար էր լինելու կանխագուշակել, թե պատերազմական գործողություններ սկսելու պարագայում ինչ նպատակներ, մարտավարություն ու ռազմավարություն կընտրի հակառակորդը եւ ըստ այդմ գործողությունները կկառուցի հատկապես ինչպիսի ռազմատեխնիկական միջոցների կիրառման առաջնահերթության վրա: Այլեւս գաղտնիք չէ, որ այս դեպքում անակնկալ էր անօդաչու թռչող սարքերի լայնորեն կիրառումը: Քառօրյա պատերազմի ժամանակ, հակառակորդը կիրառել է 120մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ: Իրենց ավերիչ ուժով հայտնի «Գրադ» կայանքներից արձակվել է ավելի քան հազար հինգհարյուր արկ: Միայն այս փաստերը վկայում են, թե ինչպիսի ծանր խնդրի առջեւ է հայտնվել հայկական զինուժը եւ ինչպիսի ջանք ու հերոսություն էր անհրաժեշտ, թշնամու առաջխաղացումը կանխելու եւ զինադադար պարտադրելու համար:

Այնուամենայնիվ Ադրբեջանի ղեկավարը արդյո՞ք չէր կարող կանխագուշակել նման ելք: Այս թեմայի շուրջ ներկայումս ներկայացվել ու ներկայացվում են շատ վարկածներ, դրանք բոլորը կրկին անգամ չկրկնելով անդրադառնանք որոշ հանգամանքների:

Իհարկե ռազմական տեխնիկայի ու մարդուժի քանակական գերազանցությունը գայթակղիչ գործոն կարող էին հանդիսանալ: Մյուս կողմից չմոռանանք, որ եթե տարիներ շարունակ հայ մարդկանց համար ղարաբաղյան խնդիրը համար առաջին առօրեական հարցը չի եղել եւ մարդիկ զբաղվել են սովորական հոգսերով, քսան տարուց ավելի ադրբեջանի հասարակությունը պահվել է էլեկտրականացված վիճակում, ամեն օր «սնվելով» ղարաբաղը ետ գրավելու մտասեւեռմամբ եւ հայության նկատմամբ բորբոքվող ատելությամբ: Այս երկրի ներքաղաքական հարցերը եղել են ոչ թե ժողովրդավարությունը, սոցիալական եւ այլ խնդիրները, այլ պատերազմի ու ատելության հռետորաբանությունը: Եւ երկրի ամենաբարձր ու ամենախրոխտ գոռացող առաջին դեմքը, ի վերջո իր ժողովրդի աչքին վեր էր ածվում դատարկախոս խեղկատակի՝ սեփական հոխորտանքի ու խոստումների պատանդը: Գաղտնիք չէ, որ «ղարաբաղյան օրակարգը» մեր եւ հատկապես շահագրգիռ արտաքին ուժերի մտքերում թարմ պահելու, եւ որպես ճնշամիջոց օգտագործելու նպատակով Ալիեւը սահմանային ամենատարբեր սադրանքները որդեգրել էր որպես քաղաքական զենք, որոնք եւս ժամանակի ընթացքում ավելի շատ բացասական հետեւանքներ էին արձանագրում:

Հայկական կողմը իրավացիորեն քառօրյա պատերազմի հարցում, գլխավոր սադրիչ որպես, մատնանշեց Թուրքիային, որի իշխանությունների կամքը փոքր ազդեցություն չէր ունենա Ալիեւի վրա համապատասխան որոշում կայացնելու համար: Տեսնում ենք, որ այս տրամաբանական վարկածը ըմբռնվում է նաեւ օտարների կողմից եւ գալիք քաղաքական-դիվանագիտական գործընթացներում հարկ է մշտապես շեշտադրել ու փաստարկել Թուրքիայի եւ իսլամ ծայրահեղականության դերակատարությունը անդրկովկասը եւ հեռանկարում նաեւ հյուսիսային կովկասը ռազմական-ահաբեկչական փոթորիկների շրջապտույտների մեջ նետելու ծրագրումների մեջ:

Անհրաժեշտ է միջազգային ատյանների ուշադրությունը հրավիրել իսլամական ծայրահեղականության հետ ադրբեջանական կապերի վրա: Հիշենք, որ Սիրիական իրադարձությունների հենց սկզբնական շրջանում տեղեկատվական աղբյուրներով տարածվեց, որ Ադրբեջանի իշխանությունները 500 միլիոն դոլարի օգնություն են տրամադրել իսլամ ծայրահեղականներին: Ռուսական, ոչ պաշտոնական աղբյուրով ասվեց նաեւ, որ կովկասից Սիրիա մեկնող ահաբեկիչների գործունեությունը տեղում համակարգում է Իլհամ Ալիեւի թիկնապահը: Այս կապերի մասին շատ ավելի ակնհայտ փաստ է ադրբեջանցիների շոշափելի ներկայությունը սիրիական ծայրահեղականների շարքերում եւ այդ շրջանակում նրանց ձեռք բերած զգալի կշիռը: Կարելի է հիշել հրապարակված տեղեկատվությունը իսլամիստների շարքերում ադրբեջանցի զոհերի վերաբերյալ, այն մասին թե ազերի խմբավորումը ինչպես էր փորձում իշխանություն գրավել ԻՊ-ի մեջ, իսկ վերջերս հայտնի դարձավ նաեւ, որ ԻՊ-ի սպանված չեչեն ռազմական ղեկավարի փոխարեն հավանական է, որ ադրբեջանցի նշանակվի: Վերջապես ծայրահեղականների ձեռագիրը արտահայտվեց ղարաբաղա-ադրբեջանական կարճատեւ պատերազմի ժամանակ դրսեւորված վայրագությունների մեջ:

Օտարերկրյա լրատվամիջոցների տարբեր հրապարակումների մեջ տեսնում ենք, որ ադրբեջանական ռազմական արկածախնդրության եւ միջազգային ահաբեկչության ու Թուրքիայի հետ կապը շատերն են ենթադրում: Մենք պետք է կարողանանք հաստատել այդ ենթադրությունները համապատասխան փաստերով:

Առհասարակ քաղաքական-դիվանագիտական ասպարեզում հայկական կողմը այս փուլում պետք է դրսեւորի մեծ ակտիվություն, քանի-որ տեղի ունեցածի քաղաքական պտուղները բաժին են հասնելու նրան, ով կլինի ավելի նախաձեռնող, ակտիվ, եւ կոշտ: Մարդիկ պետք է տեսնեն արվող գործը եւ ոչ թե լսեն բացատրություններ իրականացված գործի մասին:

Մյուս կողմից ակնհայտ է ղարաբաղյան հակամարտության լուծմամբ շահագրգիռ որոշ ուժերի շտապողականությունը, որի շրջանակում հստակորեն դրվում է ազատագրված տարածքների վերադարձի հարցը: Քառօրյա պատերազմը եւս մեկ անգամ փաստեց, ազատագրված տարածքների ռազմավարական նշանակությունը Ղարաբաղի անվտանգության համար: Դրանց հանձնման դեպքում ԼՂՀ-ն չի կարողանա պաշտպանել իրեն ադրբեջանական հարձակումներից, իսկ նման հարձակումները ոչ կարելի է բացառել ադրբեջանցիների «ազնիվ խոսքի» վրա հիմնվելով եւ ոչ էլ մտածել, թե խաղաղապահները, եթե անգամ ենթադրենք, թե կտեղակայվեն, հավերժորեն մնալու են այստեղ: Սա եւս խնդիր է, որ պետք է հստակորեն դրվի բանակցությունների սեղանին եւ ժամանակն է հրաժարվել անվերջ կրկնելուց Մադրիդյան սկզբունքների մասին: Ամեն հայ մարդ էլ հասկանում է, որ Մադրիդյան սկզբունքների հիմքում, համենայնդեպս մեր հաղթանակը չի երաշխավորվում: Մյուս կողմից ամենափաստարկված հարվածն այդ «սկզբունքներին» հասցրեց հենց Ադրբեջանն՝ իր վերջին ձեռնարկումով:
Եւ էլի մի հարցի մասին:

Հիրավի ադրբեջանական ագրեսիան համազգային ալեկոծում առաջացրեց հայության մոտ: Բնազդորեն յուրաքանչյուր հայ ընկալեց, թե ինչ կարող է պատահել պարտության դեպքում եւ պատերազմը կարծես ընդունեց հայրենական բնույթ: Այդ օրերին թվաց, որ թիկունքն ու ճակատը ձուլվեցին իրար: Սրան նպաստեց նաեւ հանգամանքը, որ Հայաստանի ու Արցախի ռազմական գերատեսչությունները ընտրեցին հնարավորինս բաց գործելակերպ, զարգացող ռազմական իրադարձությունների գրեթե ամբողջական պատկերը օպերատիվորեն ներկայացնելով հանրությանը: Երեւույթի դրական կողմերը իհարկե հասկանալի են, սակայն երբ թիկունքը խառնվում է ճակատին ի հայտ են գալիս նաեւ այլ երեւույթներ: Հանկարծ ամբողջ հասարակությունը սկսեց քննարկել տեղի ունեցողը, մանրամասներ ճակատային գծի անցուդարձից եւ մանավանդ մեղավորներ փնտրել, երբ դեռ թնդանոթներն ու ինքնաձիգները չէին սառել: Իհարկե հանրային կարծիքի վրա ազդելու հարցում առաջնագծում են լրատվամիջոցները եւ այժմ արդեն նրանցից առավել չափով՝ սոցիալական ցանցերը: Ամեն երեւույթ դրական է մինչ ծայրահեղությունների հասնելը: Որ բոլորիս համար չափազանց ծանր ու լարված էր այդ օրերի մթնոլորտը եւ հատկապես դժվարամարս զոհերի մասին տեղեկությունները, ավելորդ է անգամ անդրադառնալ: Ներսում ալիքվող տաք հույզերին սնունդ տալու համար սկսվեց պատճառների ու մեղավորների փնտրտուքը: Ադրբեջանի ու նրա ղեկավարի հարցը պարզ է մի քիչ կհայհոյես ու կանցնես առաջ հետո, սակայն սկսվում է ներքին մեղավորների փնտրտուքը: Իհարկե սառն ուղեղով, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու քննելիք շատ բան կա, մանավանդ ինչպես հասկանում ենք, տեղի ունեցածով ոչինչ չի ավարտվել եւ պարտավոր ենք դասեր քաղել, կատարել գործնական հետեւություններ՝ հատկապես ռազմատեխնիկական լրացուների առումով:

Արդյո՞ք, սակայն մի փոքր շուտ չսկսվեց տոտալ քննադատությունը բոլոր ուղղություններով: Այն ժամանակ, երբ դեռ մարդիկ հողին չէին հանձնել հարազատներին, կամավորները սահմանագծում են, իսկ նրանց հարազատները սպասման մեջ: Ազգային համախմբումը եւ դիրք պահող զինվորի կամքը թուլացնող գործոններ չե՞ն պատերազմը չավարտված ռազմական ոլորտի ներքին խնդիրների հրապարակային քննարկումը օրկարգ բերելը եւ իրողությունների մեղավորների դատափետումը: Ընդ որում, շատ հաճախ, մասնագիտական եզրակացություններ են կատարում մարդիկ ովքեր չունեն համապատասխան պատրաստվածության, ռազմաքաղաքական խորքային եզրահանգումներ են ներկայացնում առանց անհրաժեշտ տեղեկատվությանը տիրապետելու: Մեզանում ղեկավարության քննադատելը հաճախ շարունակում է, որպես համարձակություն ու քաջություն դիտարկվել: Այնինչ, փառք Աստծո, Հայաստանում հիմա իսկապես խոսքի ազատություն է, ով ինչ ուզում՝ խոսում է: Քննադատելի շատ բան կա իհարկե մեզանում, բայց կարելի էր (եւ կարելի է) խոսք ասելիս ի մտի ունենալ հասարակական միասնականության պահպանման հրամայականը, թշնամական թիրախի դիմաց գտնվող զինվորի ու կամավորի հոգեբանական վիճակը, քանի դեռ մութ ամպերը չեն հեռացել սահմանների վրայից: Ասված է, որ ի սկզբանե բանն էր: Խոսքի պատասխանատվությունը ամենակարեւոր պատասխանատվությունն է: Ունենանք խոսքի այդ պատասխանատվությունը եւ չփորձենք հերոսանալ խոսքով: Պատասխանատվությունը, մեծ հաշվով, երկրի ապագայի համար է:


Քառօրյա պատերազմ... - պատերազմ, բացատրություն, նկարիսկ վերջում կասեմ ուշադիր նաելու դեպքում ինձ կգտնեք այս նկարում



Քառօրյա պատերազմ... - պատերազմ, բացատրություն, նկար
Ձես   sad boy

9

4

896