Copy SMS

21-րդ դար. «առաջ» դեպի անկում

21-րդ դար. «առաջ» դեպի անկում - միքիչսոցիոլոգիա, միքիչփիլիսոփայություն


 Այն, ինչին մենք այսքան ժամանակ զարգացում ենք անվանում, իրականում ոչ այլ ինչ է, քան մարդկային հոգու, ներքինի հետընթաց: Այն զարգացում է միայն իր արտաքին հատկանիշներով, սակայն պարզվում է, որ աչքի տեսածը դեռ քիչ է, որպեսզի զարգացնի մարդու ներքինը: Այն իր «հիանալի» ազդեցությունն է թողնում մարդկանց վրա, արարքների, ապրելակերպի, մեկ բառով՝ գոյության վրա: Մտովի տեղափոխվենք այն ժամանակաշրջան, երբ չկային բարձր շինություններ: Պատկերացնենք՝ ինչպես է ժամանակը քարեր դնում այդ շինությունների վրա, զարգացնում նրանց տեսքը, նրանց ձևափոխում, տալիս երանգներ, նոր իմաստներ: Կարծես ամեն քար դնելու հետ մի հին իմաստ է վերցնում և այն փոխարինում նորով: Սկզբնական քարերը հուշեցին մարդկանց, որ նրանք կարող են կտրվել հողից, ջրից ու նայել շուրջը, փնտրել հեշտ միջոցներ գումար վաստակելու համար: Կարծես հիանալի փոփոխություն է, բայց նոր հնարավորությունները ամեն գնով պակասեցնում են շփումը: Ենթադրում եմ, որ մինչ հողից կտրվելը մարդիկ աշխատում էին ընտանիքներով, միմյանց հետ համագործակցելով՝ ստեղծում իրենց գոյության համար անհրաժեշտ ամեն բան: Բայց նախ աշխատել էր պետք, հետո՝ սպասել այնքան, մինչև կկարողանաս աշխատանքիդ արդյունքը վայելել: Այդ ամենը մարդկանց մեջ ծնում էր մի կարևոր հատկանիշ, որի վրա ժամանակը նույնպես դնելու էր քարեր: Ժամանակը սովորեցրեց մարդուն, որ նա կարող է աշխատել և իր աշխատանքի արդյունքը տեսնել անմիջապես աշխատանքից հետո, ընթացքում, երբեմն նույնիսկ աշխատանքից առաջ: Եվ ինչպես այսպիսի զարգացումը չքանդի մարդկային համբերությունը: Կամ ինչպես և ինչու համբերել, եթե ամեն պայման ստեղծված է չհամբերելու համար: Սակայն այս ամենը տարածվում է յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր գործողության վրա: Ամեն կերպ պակասեցվում է գործողության տևողությունը, դրա հետ մեկտեղ պակասում նրա իմաստը: Հազարավոր օրինակներից կարելի է հասկանալ, թե ինչպես է գործողությունը կորցնում իր ունեցած հոգևոր իմաստը, ամեն կերպ դառնում պարզ: Մարդիկ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ուղարկում են նամակներ: Սակայն տարբեր են հնարավորությունները, իմաստները: Եթե նախկինում նրանք կարող էին ամիսներ շարունակ սպասել, թե երբ կհասնի նամակը, ապա այժմ մատի մեկ հարվածով կարելի է այն ուղարկել: Եվ եթե այն ժամանակ կարելի էր ամիսներ շարունակ սպասել պատասխանին, ապա այժմ րոպեներն էլ շատ են թվում, և մենք իրականում շատ քչերի համար ենք պատրաստ նվիրել րոպեներ: Նման օրինակ է նաև գրքերի ընթերցանությունը: Ժամանակակից կյանքը հակված է ամեն բան սեղմելու, կրճատելու: Կարելի է կարդալ հարյուր, երկու հարյուր էջերի փոխարեն մի էջանոց համառոտ վերապատմությունը, վերապատմության վերապատմությունը: Այս եղանակով կարելի է ծանոթանալ բոլոր դասականներին, բայց ինչ արժեք ունի մեր «կարդացածը»: Գրքերը  լավ օգնականներ են, քանի որ մարդը կարողանում է ճաշակել կյնաքի ընձեռած հնարավորություններից 1/100-րդը միայն, իսկ մնացած 99 տոկոսին կարող է ծանոթանալ գրքերի միջոցով: Նրանք մեր և մեր նախնիների, նրանց զգացմունքների, հիշողությունների կրողներն են: Դրանք կրճատելով մենք նրանից վերցնում ենք իր հոգևոր իմաստը, նրանից դուրս շպրտում այն 99 տոկոսը և այնտեղ թողնում կրկին մեզ ծանոթ մեկ տոկոսանոց աշխարհը:

  Ամեն գնով ավելացնում ենք տարիներ մարդկային կյանքին, բայց չենք ավելացնում կյանք այդ տարիներին: Հնարավորությունների բազմազանությանը մենք զարգացում ենք անվանում՝ առանց հաշվի առնելու, թե այն ինչ հոգեկան  հետընթացների  պատճառ է դառնում, որքանով ենք մենք կապված մեր ընտանիքների, ընկերների, մեր շրջապատի հետ, որքանով է այդ կապը ուժեղ: Եթե նախկինում մարդիկ իրենց գոյության համար տարածք էին փոխում, ապա դա անում էին միայն ցեղերով և ոչ թե անհատապես, նրանց ընտանիքն էլ ցեղն էր, և նրանք իրենց կյանքը պատկերացնում էին միմյանց հետ:  Կարելի է ասել, որ կյանքի իմաստը տեսնում էին ոչ թե զուտ գոյության մեջ, այլ միասնական  գոյության: Այժմ անհատը գոյության համար կարող է շատ հեռու գտնվել իր ընտանիքից, և միասնական գոյությունը վաղուց իմաստազրկվել է:  Մարդիկ ունեն ընտանիքներ, սակայն չեն ապրում ընտանիքներով, ունեն պատկերացում, բայց ոչ զգացում: Տարածությունները կարծես փոխվել են իրենց տեղերով: Մարդկանց կարող են բաժանել միլիոնավոր կիլոմետրեր, որոնք համարժեք են դարձել նույն մեկ-երկու կիլոմետրին: Ամեն տեսակի պարզեցումը հանգեցնում է նրան, որ մարդն այլևս չի կարողանում ռեալ զգալ իրականությունը, նրա համար միևնույն է՝ 1, թե 10000000 կիլոմետր է ընկած անձանց միջև: Մինչդեռ, եթե մարդը զգար այդ հեռավորությունը, միգուցե ավելի ուժեղ կապով կապվեր մյուսի հետ, ավելի շատ գնահատեր իր շրջապատը: Եթե դժվարհասանելի լինեին այդ կիլոմետրերը, մարդկանց կապը ուժեղ կլիներ: Բայց մարդը գիտի, որ որտեղ էլ լինի, կարող է ունենալ այն, ինչ թողել է հեռավորության մեջ: Կարող ենք հասնել Լուսնին ու վերադառնալ, բայց դժվարությամբ ենք փողոցն անցնում ու ծանոթանում մեր հարևանների հետ: Հաղթահարում ենք տիեզերական տարածությունները, բայց ոչ հոգևոր…  Զարգացումը փոխել է մարդուն, նրան բավականին հեռացրել մարդկային արժեքներից, զգացմունքներից: Մարդիկ ունեն հնարավորություն խոսելու ամեն բանի մասին, սակայն հարց է ծագում. ունե՞ն հնարավորություն այդ ամենը զգալու… Մարդիկ, ռոբոտացնելով աշխարհը, նախ և առաջ ռոբոտացրին իրենք իրենց, պարզեցնելով աշխարհը՝ պարզեցրին իրենց, հարստանալով աղքատացան նրանց հոգիները: Ինչպիսին է կյանքը զարգացման մեջ…

 Մարդը կորցրել է իր հետաքրքրությունը մարդու նկատմամբ: Օրվա ընթացքում նա ավելի շատ հարաբերվում է առարկաների հետ, անգամ շփումն է առարկայանում: Նա ցանկանում է շոշափել ամեն ինչ, կորում է վերացականությունը, միտքը: Առաջնային է դառնում այն ամենը, ինչին մարդը հավատում է առանց կասկածելու: Իսկ ինչի՞ն է հավատում մարդը: Միայն և միայն իր ստեղծածին, առարկաներին, աչքի տեսածին: Նրան ոչինչ չի զարմացնում, և եթե անգամ ինչ-որ բան զարմացնում է, ապա դա տևում է մի քանի րոպե, քանի որ անպայման կգտնի ապացույցը կամ ժխտումը տվյալ երևույթի համար և կրկին կիմաստազրկի այն: Ամեն բանին պատասխան գտնելով՝ մենք պարզապես պոկում ենք իմաստը և դուրս շպրտում այն, թողնում միայն առարկաները, որոնք ժամանակի աղբն են, որ լցվել են մարդկանց կյանքի մեջ: Կամ միգուցե իմաստազրկելով մարդն է դրանք դարձնում աղբ, ավելորդություն, որ այսօր կա, իսկ վաղը կարող է չլինել, որովհետև դրա փոխարեն կլինի ավելի զարգացածը: Այս ամենը աղբ է, քանի որ կայուն չէ, քանի որ որքան հեշտությամբ մտել է մեր կյանք, այդքան էլ հեշտությամբ դուրս է մղվելու:

 Ով է 21-րդ դարի երեխան, ինչպիսի մանկություն ունի նա, ինչպիսի երազանքներ, ձգտումներ, ինչ ընտանիքում է նա մեծանում, ինչ է սովորում, ապագայի համար ինչպես են նրան պատրաստում: Ժամանակակից կյանքը նրան կանգնեցնում է մի պարադոքսի առջև և ստիպում թռչել: Կան երկու հակադիր ուղղություններ: Եթե նա ցատկի զարգացման ուղղությամբ, ապա նրան սպասվում է հոգեկան հետընթաց, եթե ցատկի դեպի հոգեկան աշխարհը, ապա նա հեռանում է ժամանակակից զարգացումից, քանի որ այս համատարած զարգացումը քարացրել է մարդու զգացողությունները և նրան կառավարում է այնպես, ինչպես մարդն է աշխատեցնում տեխնիկաները կամ տնօրինում առարկաները: Երեխաներին շրջապատելով ավելի շատ իրերով՝ նրանց կտրում ենք մանկությունից և թողնում բացեր, որոնք լրացնել չենք կարող հետագայում, իսկ այդ բացերը անպայման թողնում են իրենց հետքը նրանց ապագայի վրա: Նրանց մանկուց սովորեցնում ենք առանց մարդու ապրելու ձևը: Երեխան կարող է իջնել բակ, խաղալ իր հասակակիցների հետ, շփվել, ճանաչել մարդկանց միջի մարդուն: Սակայն բազմազբաղ ծնողները կարող են նրանց ձեռքը տալ որևէ տեխնիկա, որը կփոխարինի և՜ մարդկանց, և՜ շփումը: Տվյալ պահին միգուցե շահում է ծնողը և հեշտացնում երեխայի խնամքը, սակայն այդ երեխաները տեխնիկան ձեռքին ինպիսի՞ երազանքներ կարող են ունենալ: Կամ ինչպիսի՞ կրթություն են նրանք ստանալու: Նրանց տալիս ենք անընդհատ, անսահման ինֆորմացիա, տալիս ենք բազում ինչերի պատասխան, մինչդեռ ամենակարևորը ինչուների պատասխանն է: Հարկավոր է հասկանալ երևույթների էությունը, մտնել նրա մեջ: Մենք մեզ չենք տալիս մտածելու հնարավորություն, ստեղծում ենք ազատ ժամանակ կոչվածը, որպեսզի ամեն կերպ այն փչացնենք տարբեր տեսակի անիմաստ գործողություններով: Մարդիկ սկսել են շատ քիչ մտածել: Չկա ժամանակ և վերջ: Երեխաներին այդ ամենի մեջ են մտցնում համարյա օրորոցից: Եթե արտաքին ազդեցությունները այդքան մեծ չլինեին, հավանաբար, երեխաները կլինեին ժամանակակից կյանքի հետագա մտածողները, սակայն կարծես մանկապարտեզների, դպրոցների դերը նրանում է կայանում, որպեսզի կանխվեն այդպիսի միտումները: Ամեն բան սովորեցնել, սակայն վերլուծելու շատ քիչ հնարավորություն ընձեռել: Դրանով է զբաղված նաև մամուլը, հեռուստատեսությունը… Կարող ենք մտածելու օգնությամբ հասնել ներքին բարձունքների, սակայն դա չէ ժամանակի պահանջը: Եվ որպեսզի մարդը կատարի ժամանակի պահանջը, հարկավոր է նրան զրկել խնդիրը տարբեր կողմից տեսնելու հնարավորությունից: Բազմազան տեղեկություններով, անպետք թվերով, չնչին փաստերով լցված նրա ուղեղը իրականում հեռու է կրթված լինելուց: Թվում է, թե ժամանակին զուգընթաց առաջ են շարժվում, միչդեռ հետամնացությունը իր ահռելի չափերով գերազանցում է ամեն ինչին և ամենքին: Նրանք կարծես այդպես երջանիկ են, համենայն դեպս չեն էլ մտածում, որ դժբախտ են: Լավ է, որ այդ զգացումը չկա կամ քիչ է, բայց, ցավոք, դա ավելի շատ խոսում է նրա մասին, որ նրանք շատ քիչ են վերլուծում: Եթե փիլիսոփայությունը կամ սոցիոլոգիան շատերին հասանելի լիներ, մարդիկ կկատարեին տարբեր եզրակացություններ և ընդհանրացումներ, կհասկանային, թե որքան են հեռացել մարդկային զգացմունքներից, միգուցե այդժամ զգային, որ դժբախտ են: Այս տեսանկյունից հիասքանչ պայմաններ են ստեղծված, որ նա չնկատի իր մենակությունը և այսքան մարդկանց մեջ իր ոչնչությունը: Թող նրանք չգիտակցեն, որ իրենց զգացմունքները ժամանակակից կյանքի հետ պատերազմում տանուլ են տվել: Կարևորը այն հանգիստ պայմաններն են, որոնք նրանց առաջարկվել են, իսկ իրականում պարտադրվել, որոնցում նա անց է կացնում իր անգիտակից կյանքը: Նրանց տրված են զվարճալիքներ, երեկույթներ, թմրադեղեր և ամեն-ամեն ինչ: Դրանք մարդկանց մեջ արթնացնում են պարզագույն ռեֆլեքսները, իսկ նրանց թվում է, թե դրանք կարող են կպչել իրենց զգայարաններին: Ահա թե ինչ է պակասում մերօրյա մարդուն. նայել, ուշադիր լսել, խորհել, մտքով ու զգացմունքով ըմբռնել նոր իրականությունը: Նա կարող է շատ բան հասկանալ, և ոչինչ, եթե այդ հասկացածը նրան այդ պահին պետք չէ: Դա կդառնա իր մի մասնիկը, կփոխի իր եսը, կօգնի փոխանցել իր զգացածը: Կյանքը կրկին կարող է մտնել զգացմունքների և մեծ հոգիների աշխարհ, որտեղ կարևոր է յուրաքանչյուրը, այլ ոչ թե նրանց ահռելի թվաքանակը: Մարդկությանը հաջողվել է հասնել մեծ ձեռքբերումների, դա պահել է պետք, բայց դրա հետ մեկտեղ վերականգնել է պետք կորցրածը, որը շունչ կհաղորդի իր ձեռքբերումներին: Դրան կարող ենք հասնել իրական կրթությամբ, որը, բացի փաստերից, նաև վերլուծություն կատարելու հնարավորություն կտա մարդուն:

Տեղին է մեջբերել Ջորջ Կառլինի հոդվածը. « Մեր ժամանակների պարադոքսն այն է, որ մենք ունենք բարձր շինություններ, բայց ցածր համբերություն, լայն պողոտաներ, բայց նեղ հայացքներ: Մենք ծախսում ենք շատ, բայց ունենք քիչ, գնում ենք ավելի շատ, բայց դրանից ուրախանում ավելի քիչ: Ունենք մեծ տներ, բայց փոքր ընտանիքներ, լավագույն հարմարություններ ու ավելի ու ավելի քիչ ժամանակ:  Մենք ունենք լավագույն կրթությունը, բայց քիչ իմաստություն, ունենք բազմաթիվ գիտելիքներ, բայց գնալով ավելի թերի ենք վերլուծում իրադրությունը, մենք ունենք շատ փորձագետներ, բայց և ավելի շատ խնդիրներ, ավելի լավ բժշկություն և ավելի վատ առողջություն:  Մենք խոսում ենք չափազանց շատ, սիրում չափազանց քիչ ու ատում չափազանց հաճախ: Գիտենք` ինչպես կենդանի մնալ, բայց չգիտենք` ինչպես ապրել: Սա արագ սննդի ու վատ մարսողության ժամանակաշրջանն է, մեծ մարդկանց ու փոքր հոգիների, արագ շահույթի ու բարդ փոխհարաբերությունների ժամանակաշրջանը, երբ աճում են ընտանեկան շահույթներն ու ապահարզանների թիվը, կառուցվում գեղեցիկ տներ ու քանդվում օջախներ: Սա կարճ  տարածությունների, միանգամյա օգտագործման մանկական տակդիրների, մեկօրյա բարոյականության, ավելորդ քաշի ու դեղահաբերի ժամանակաշրջանն է, դեղահաբերի, որոնք հանգստացնում են մեզ, գրգռում են մեզ, ՍՊԱՆՈՒՄ ԵՆ մեզ… »

 

 Այսպես են զարգանում մարդիկ՝ իմաստազրկելով և իմաստազրկվելով: Սակայն մենք՝ մարդիկս, կենդանիներից տարբերվում ենք նրանով, որ գիտակցում ենք, թե հազարավոր տարիների ընթացքում ինչ հիմարություններ ենք արել: Ու քանի որ գիտենք այդ ամենը, կարող ենք հուսալ, որ երբևէ ետ կբերենք  մարդու մեջ եղած Մարդուն…


11

8

802

  • Lian
    2016-08-03 20:26:49
    Վաղուուուուուուուուուուուուց չէի գրել մեկնաբանություն,մեկ էլ հոփ,Մարիամ95-ի գրառումը:Գրառումը լավն էր: Ուրախացա,որ դեռ անում եք գրառումներ...
    • Mariam95
      2016-08-04 23:28:18
      Պատահումա :D
  • over the moon
    2016-08-04 12:11:27
    շատ լավ գրառումեր վերջի մեջբերումը ուղակի հիանալի
    • Mariam95
      2016-08-04 23:28:45
      Մերսի :)
  • ......
    2016-09-02 20:46:59
    էսսե :Ճը,,, հիշեց
    • Mariam95
      2016-09-03 13:05:21
      մեր մանկության տանգոն (ուրախ)
      • ......
        2016-09-03 16:47:47
        պրեմիերա էր չէ՞
  • Mariam95
    2016-09-10 00:13:32
    տենց մի բան :)