Copy SMS

Բրուքլինյան երիցուկներ (մաս առաջին)

Բրուքլինյան երիցուկներ (մաս առաջին) - բռուքլին, նոր , ընկերներ

        Սովորական, հոգնած ու ձանձրալի օր դժոխքում՝ դպրոցում։ Ես Մերին եմ, սովորում եմ ավագ դպրոցի 11-երորդ դասարանում։ Ինչպես սովորական աշակերտուհի, ես նույնպես ատում եմ դպրոցական օրերն ու ժամերը։ Ատում եմ, բայց մեկ է սովորում եմ, երբեմն հաճույք եմ ստանում, երբեմն ստիպված, բայց ինչևէ հասցնում եմ անել բոլոր դասերս պատշաճ կերպով։

    Ուսուցչուհին՝  ընկեր  Երկանյանը, պատմում է  Տիգրան Մեծի մասին, բաժանում է խոսքերը, որպեսզի մենք սովորենք, քանի որ պատրաստվում ենք բաց դասի, ինձ է բաժին ընկնում  Հայ-պոնտական պայմանագրի կետերը և Տիգրանակերտ քաղաքի կառուցումը։ Ուսուցչուհու խոսքը ընդհատում են դռան թակոցները։

-   Մտեք։

    Ներս են մտնում երկու մարդ։ Տղամարդը արագ-արագ քայլերով ներս է մտնում, իսկ իր ետևից մտնում է մի աղջիկ։ Մենք ոտքի ենք կանգնում։

-  Բարև ձեզ երեխաներ, կարող եք նստել, ինձ դիմեք ընկեր Արսենյան  կամ ուղղակի Ռուբեն, ես ձեր նոր ուսուցիչը չեմ, այդպիսի վախեցած աչուկներով ինձ մի նայեք։ Մենք  համագործակցում ենք մի ամերիկյան կազմակերպության հետ, որը Երևանի բոլոր ավագ դպրոցներից ընտրում է չորս  աշակերտի և հնարավորություն ընձեռնում ավարտել այնտեղի դպրոցներից մեկը։ Ձեզ հիմա կբաժանվեն թեստեր, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։

    Անկեղծ ասած այս խոսքերը ինձ շատ երազանքային թվացին, ես միշտ բողոքել եմ իմ միապաղաղ կյանքից և սա շատ լավ հնարավորություն է այն հետաքրքիր և գույներով լի դարձնելու համար։ Մնում է հավաքվել, կենտրոնանալ և գրել այդ թեստը։

                                                                * * *

 Մեկ շաբաթ հետո բոլորս անհամբերությամբ սպասում ենք ընկեր Արսենյանին, որպեսզի ասի արդյունքները։ Նա ներս է մտնում և ասում, որ չկանգնենք։

-   Ընդհանուր առմամբ երեխանե ՛ ր, թեստի արդյունքները շատ լավն են, բայց քանի որ մենք հնարավորություն ունենք ընտրելու ընդամենը մեկ աշակերտի, Ամերիկա կուղևորվի Մերի Հակոբյանը: Խնդրում եմ կանգնիր Մերի ջան: Մենք կխնդրենք քո դասղեկին, որպեսզի այստեղ հրավիրի ծնողներիդ, որ քննարկենք ապագայում սպասվող ամեն ինչ,- ասում է ընկեր Արսենյանը, ներողություն խնդրում խանգարելու համար և դուրս գալիս։ Ես ուղղակի չեմ հավատում ։ Միայն թե ծնողներս համաձայնվեն, միայն թե։

                                                                  * * *

   Ամեն ինչ շատ հարթ անցավ, ի զարմանս ինձ ծնողներս լավ արձագանքեցին, և եկավ այն օրը, երբ մենք նստեցինք ավտոմեքենան և գնացինք օդանավակայան։ Օդանավակայանում հանդիպեցինք ընկեր Արսենյանին, այնտեղ կային ևս երեք երեխա՝ երկու աղջիկ և մի տղա, ասեմ, որ նրանք ինձ հենց առաջին հայացքից ընդհանրապես դուր չեկան: Ես սկսեցի ինձ հանգստացնել, մտածելով, որ ես այդ մարդկանց այլևս չեմ հանդիպի, հնարավոր է,  որ նույնիսկ նույն դպրոցում էլ չսովորենք։ Նստեցինք ինքաթիռ: Իմ կողքին նստեց աղջիկներից մեկը, ում անունը Սոնա է: Սոնան անընդհատ ուտում է, մենք չենք կարողանում ոչ մի բառ փոխանակել, իսկ մեզնից մի քիչ հեռու նստած են Քրիստինեն և Գևորգը: Նրանք այնպես են խոսում, ուրախանում, որ ես նրանց սկսեցի նախանձել։ Որոշում եմ գոնե ինչ-որ  ֆիլմ  նայել, դնում եմ ականջակալներս, միացնում այստեղի ֆիլմացանկից մի անհասկանալի վերնագրով ֆիլմ: Պարզվում է, որ այն գերմաներեն է, ես միացնում եմ մնացած ֆիլմերը  և նրանք նույնպես գերմաներեն են: Իհարկե կա ձև լեզուն փոխելու, բայց ես չգիտեմ, թե դա ինչպես է արվում, դրա համար ձևացնում եմ, թե ֆիլմը անգլերեն է և շարունակում դիտել։ Մեզ է մոտենում ուղեկցորդուհին և հարցնում, թե ինչ ենք ցանկանում: Ես մտածում եմ, թե ինչ եմ ցանկանում, Սոնան առաջ է ընկնում, սկսում պատվերներ տալ։ Հանկարծակի լսում եմ  Սոնայի ձայնը.

-   Մերի ջան կներես հա, գիտեմ, որ կողքից տգեղա երևում, բայց ես վախենում եմ ինքնաթիռից, հուզվում եմ, դրա համար էլ շատ եմ ուտում, ես որոշել եմ նիհարել, շատ չէ , երեք կիլո նիհարեմ հերիքա։

Ուրախանում եմ, մտածում,որ վերջապես մեր մոտ դիալոգ կառաջանա: Հանում եմ ականջակալներս, որպեսզի սկսեմ խոսել, որ ժամանակը արագ ընթանա, որ մեկ րոպեն երկու ժամ չտևի: Նկատում եմ, որ Սոնան դրել է իր ականջակալները, հեշտությամբ փոխել ֆիլմի լեզուն և վայելում է այն ։ Ես ամաչում եմ նրան հարցնել, թե ինչպես փոխեց, որովհետև կհասկանա, որ մինչև այդ գերմաներեն էի նայում։

Վերջապես ինքնաթիռը վայրէջք է կատարում, հուսամ մի քանի րոպեից կվերջանա այս մղձավանջը։

                                                                 * * *

   Գևորգը օգնում է Քրիստինեին, իսկ ես մի կերպ քաշ եմ տալիս այդ ծանր ուղեբեռը , թե ինչի եմ այսքան բան բերել ինձ հետ չգիտեմ։Մենք աչքերով փնտրում ենք այն մարդուն, ով պիտի մեզ դիմավորի ։ Այդ մարդը պաստառի վրա գրել է մեր անունները և մեզ է սպասում։ Քրիստինեն առաջ ընկած գնում է նրա  մոտ և սկսում խոսել։ Սոնան այնպես է կանգնել կարծես նրան չի հետաքրքրում այն ամենը ինչ հիմա կատարվում է ։ Մենք նստում ենք մեզ սպասող մարդու ավտոմեքենան ևշարժվում։ Անհամբերությամբ սպասում եմ և հաշվում րոպեները մինչ մեքենան կկանգնի և ես կհեռանամ ինչքան հնարավոր է հեռու։ Մեքենան վերջապես կանգ է առնում։ Բոլորս իջնում ենք, չեմ հասկանում ինչ է կատարվում սպասում եմ, որ ինչ-որ մեկը բացատրի, թե ինչու ենք հիմա կանգ առել և դուրս եկել մեքենայից բոլորով։ Վերջապես սկսում է խոսել մեր <<տեղեկատուն>>,  ցույց տալ այն տեղը որտեղ պիտի ապրենք բոլորս։ <<Բոլորս՞>> մտածում եմ, չեմ դիմանում և բարձրաձայն արտահայտում եմ զգացմունքներս․

-  What?. Are you kidding me?

Շրջվում եմ դեպի երեխաները և ասում։

-    Մենք միասին ենք ապրելու՞։

-    Այո, ինչու չգիտեիր՞,

-     Իմ համար մեկ է , - ասում է Սոնան և Քրիստինեի հետ մտնում ներս , Գևորգը լուռ հետևում է իրադարձություններին, իսկ հետո մոտենում ինձ և ասում․

-    Մի նեղվիր ,մենք քեզ չենք կծի․․․․․․ may be ,- աչքով է տալիս և հետևում աղջիկներին։

   Մտնում եմ ներս, քանի որ ուրիշ ելք չունեմ, պիտի դիմանամ։ Ներսում ամեն ինչ շատ գեղեցիկ է , հարմարավետ ու կոկիկ։ Տանը կա երկու ննջասենյակ` այսինքն նախատեսված է , որ ամեն սենյակում պիտի քնենք երկու հոգով, բայց այդպես ստացվում է, որ մեզնից մեկը պիտի քնի Գևորգի հետ նույն սենյակում, և Գևորգը առաջարկում է քնել  հյուրասենյակի բազմոցին։ Հիմա մնում է որոշել, թե ով ում հետ է քնելու և ով  է միայնակ քնելու։ Քանի որ Քրիստինեն շատ ճարպիկ է նա միանգամից որոշում է, որ ձախ կողմի սենյակում ինքն է քնելու և միայնակ, մնում ենք ես ու Սոնան։ Ես առանձնապես դեմ չեմ Սոնայի հետ մի սենյակում լինել, ինչպես երևում է նա նույնպես։ Սենյակը ինձ շատ դուր է գալիս, հենց մտնում եմ ներս քունս սկսում է տանել: Այդպիսի տրամադրություն կա այս սենյակում, չգիտեմ ինչից է, երևի նրանից ,որ սենյակի պատերը բաց երկնագույն են , մահճակալների ծածկոցները նույնպես կապույտ  են։ Ես ու Սոնան բաժանում ենք մեր դարակները և սկսում տեղավորել իրերը ։ Արդեն համարյա վերջացնում ենք: Լսվում է Գևորգի դժգոհ փնթփնթոցը։

-   Երեխեք կարողա գնանք խանութ մի բան առնենք։

-    Ես հաստատ չեմ գա Գև, մինչև վերջացնեմ շորիկներս դասավորել դուրսը կմթնի։

-    Լավ, լավ ես կգամ քեզ հետ,- ասում եմ ես հասկանալով,  որ Սոնան նույնպես չի պատրաստվում գնալ խանութ։

   Ես մոռացա ձեզ պատմել, մենք տեղավորվել ենք Բրուկլին քաղաքում: Ես իհարկե գիտեի, որտեղ եմ գալիս և սկսել էի տեղեկություններ հավաքել Բրուկլին քաղաքի մասին։ Ամենասկզբից Բրուկլինը եղել է հոլանդական գյուղ Բրյոկելեն անվամբ և գտնվել է Լոնգ- Այլենդ կղզու վրա ։ Չնայած նրան, որ հիմա Բրուկլինը համարվում է Նյու-Յորքի մի մասնիկը,  ինքնուրույն քաղաք է իր ամեն ինչով։Հիմա մի փոքր խոսեմ իմ հետ ապրող մարդկանց մասին։ Սկսենք Սոնայից ՝ Սոնան սպիտակամաշկ, կապույտ աչքերով, շագանակագույն վարսերով, ոչ այնքան բարձրահասակ, բայց ոչ էլ շատ կոլոտ աղջիկ է։ Հերթը Քրիստինեինն է՝ նա կարելի է ասել, որ Սոնայի հակապատկերն է, բայց դա չի նշանակում, որ Քրիստինեն գեղեցիկ չէ՝  մուգ մաշկ, մուգ գույնի աչքեր, մուգ գույնի վարսեր, միայն նրանց հասակներն են համընկնում։ Գևորգը՝ բարձրահասակ, թիկնեղ,սպորտային կազմվածքով, սպիտակամաշկ, կապուտաչյա,սանրվածքը տարբերվում է մեր հայ տղաների սովորական, ստանդարտ սանրվածքից, մի քիչ երկար են, թեքվում են դեպի աջ, բայց ճակատին չեն իջնում, ունի  հազիվ երևացող թրաշ։ Հիմա ձեր դատին եմ ուզում ներկայացնել իմ արտաքինը, որպեսզի ամբողջովին պատկերացնեք մեզ։ Ես բարձրահասակ եմ, ունեմ թուխ մաշկ, սևահեր եմ, շագանակագույն աչքերով , նիհարիկ եմ։

* * *

   Ամբողջ ճանապարհին մենք նայում ենք այս կողմ, այն կողմ և հիանում Բրուկլինի փողոցներով։ Վերջապես հասանք այն խանութը, որի մասին մեզ նախօրոք  ասել էին, որպեսզի  այդտեղից օգտվենք , որոշեցինք գնել այնպիսի բաներ, որ պատրաստելու կարիք չլինի։  Գնում ենք բուտերբրոդներ, կարկանդակներ ,հյութեր և նմանատիպ արագ ուտեստներ։ Դուրս գալուն պես արագ- արագ սկսում ենք քայլել, մի պահ կանգ ենք  առնում  մի սրճարանի դիմաց, Գևորգը ուշադիր նայում է աղջկան, ով մենակ նստել է  սրճարանում և իր  համակարգչով ինչ-որ գործեր է  անում, կամ ուղղակի ինչ-որ բան է գրում։

-   Հավանեցիր՞ , - ժպտալով ասում եմ ես, Գևորգը փոքր ինչ շփոթված ասում է․

-   Չէ, ում՞։

-   Լավ , լավ անցանք,- աչքով եմ տալիս և գնում առաջ ։

  Չնայած նրան, որ Բրուկլինում ամառը անցնում է բավականին շոգ, ցերեկները մինչև 28 + աստիճան,  իսկ գիշերները 26 + , այսօր բավականին մռայլ եղանակ է ,  ցուրտ չէ, երևի 22 աստիճան կլինի, բայց անձրևում է և այդ եղանակը այնքան է ինձ դուր գալիս, որ ես շատ դանդաղ եմ  քայլում, Գևորգը նույնպես չի  բողոքում մռայլ եղանակից ։ Մեզ պատել է լռությունը, բայց դա այն լռություններից չէ,  երբ լռողներից մեկը ցանկանում է լրացնել այն և ինչ-որ թեմաներ է փնտրում խոսելու համար, սա այն լռությունն է, երբ լռողներից ոչ մեկը չի ցանկանում լռությունը փչացնել, ոչ մեկը  անհարմար չի զգում այդ լռության մեջ։  Լռության մասին մտածելով  ու խորանալով, կարծես մի պահ կտրվեցի  աշխարհից ու մոռացա , որ փողոցով  մենակ չեմ քայլում։

-   Ես չհավանեցի այդ աղջկան , այնպես չէ, որ տգեղ էր, ուղղակի ես նրա արտաքինին չէի նայում,  ես հիանում էի,  թե ինչպես է նա իր մտքերը փոխանցում համակարգչին, դու դա չնկատեցիր, իսկ ես ուղղակի չէի կարող չնկատել,- լրիվ ուրիշ կողմ նայելով ասում է Գևորգը։

-   Սիրում ես գրել՞։

-   Այո , բայց ոչ մի անգամ մինչև վերջ չեմ կարողացել հասցնել պատմություններս , կամ ինձ թվացել է, թե լավը չեն կամ ուղղակի չի ստացվել , դրա համար, որպեսզի պարապ չմնամ սկսել եմ գրի առնել համակարգչումս այն ամենը ինչ զգում եմ, ինչ կատարվում է ինձ հետ։

-   Հետաքրքիր է, հավատա, եթե հետագայում մեծ գրող դառնաս դա էլ հենց կարող ես ամբողջական գիրք սարքել, օրինակ ես մեծ հաճույքով կընթերցեմ։

Գևորգը ժպտում է և մեր դիալոգը հասնում է իր տրամաբանական ավարտին, ինչպես նաև մեր զբոսանքը։ Մտնում ենք  խոհանոց։

-   Մենք եկա՜նք,- ուրախ բացականչեցի ես։

-    Վերջապես եկաք, համով բաներ բերել եք՞ , - ասում է Սոնան,գիրքը դնում  մի կողմ ու գալիս խոհանոց։

   Քրիստինեն նույնպես միանում է մեզ ,մենք սկսում ենք իրար հրմշտելով բացել տոպրակները։ Ուտելու ընթացքում Սոնան առաջարկում է դիտել Տրոյա ֆիմլը, մենք բոլորս համաձայնվում ենք , բայց ամենաշատը Սոնայի առաջարկից ուրախանում է Գևորգը,  նա միանգամից վեր է կենում ու միացնում ֆիմը։ Սոնան այնքան է դիտել այս ֆիլմը, որ ֆիլմի ընթացքում ասում է հերոսների խոսքերը։ Ֆիլմը ռեժիսորական վերսիան է և բավականին երկար, մոտ 3 ժամ ,,,, արդեն գիշերվա 4 –ն է  դառնում , աչքերս փակվում են։ Ես բոլորին  բարի գիշեր եմ մաղթում և գնում սենյակս։ Երբ գլուխս դնում եմ բարձին,  քնելու ցանկությունը անհետանում է  և ինձ  մնում է միայն մտածել։  Երկար մտածելուց հետո գալիս եմ մի եզրակացության, որ առաջին հայացքը միշտ խաբուսիկ է , հիշում եմ այն զգացմունքները, այն կարծիքը, որ ունեի օդանավակայանում և հիմա  լրիվ տարբեր բաներ են։ 

6

4

1674

  • Ժպիտիկ)))
    2016-09-04 11:44:19
    Մար քո պատմությունները վերջ են...... շատ լավն էր, ապրես))))
    • Մարի
      2016-09-04 15:20:10
      ապրեեես շատ :* :*
  • Սարե
    2016-09-04 17:41:08
    հավանեցի :) քանի՞ մասիցէ լինելու
    • Մարի
      2016-09-04 20:53:11
      բաղկացած է 4 մասից և եվրջաբանից )))