Copy SMS

Մոռացում

Մոռացում - մոռացում, հավերշություն, տատ


Գրիչը հոլի նման պտտվում է ձեռքիս մեջ. դա անկասկած անկարողության նշան է: Ես ձեռքերով փակում եմ աչքերս, որպեսզի իրականությունն ավելի լավ տեսնեմ: Մութ է...

Ծնկներս նյարդայնորեն ցնցվում են, իսկ աթոռս ճռռում է ուղեղիս աշխատանքին ու աչքերիս բացվել-փակվելուն համաչափ: Մտապատկերները հայտնվում ու չքվում են աթոռիս ճռռոցին ու գրիչիս հոլանման պտույտներին համաչափ: Ամեն ինչ համաչափ է, իրերի շարժուն անշարժությունը համաչափ է: Ես եմ մնում միակ ավելորդը օրինաչափ ու սիմետրիկ հավերժության մեջ:Մոռացում - մոռացում, հավերշություն, տատ

Նայում եմ տան պատերին ու լսում տատիս պատմությունները.

- Առաջին վերանորոգումը 60-ականներին արեցինք: Սիրուն էր, ա՛յ էն պատին Սևանն էր, ձախին՝ Մասիսը: Հետո մյուս վերանորոգումը, լավ եմ հիշում, 18 տարի եհտո արեցինք. էն մեր տղեն, որ առաջինի ժամանակ նոր էր ծնվել, արդեն բանակ էր գնում: Վերջին վերանորոգումն էլ, երևի կհիշեք, մի քանի տարի առաջ արեցինք:

Վերջին վերանորոգումը անկասկած հիշում եմ, պատերն աչքիս առաջ են. մի գլուխ սպիտակ պատեր, ուրիշ ոչինչ, ոչ գույներ կան, սպիտակն էլ Մասիսի սպիտակին հաստատ չի հասնի:

Մեր տան պատերը հաստ են, իսկակա՜ն հնություն: Էնքա՜ն բան տեսան տատիս աչքերի պես, որ հիմա, թե հնար լիներ, տատիս աչքերի պես չէին դիմանա, կթարթվեին ու արցունքներ կբերեին: Հին ու մաշված պատմություններից տատիս աչքերն արցունքով են լցվել ու ես հասկանում եմ, որ պատերն անգամ մարդու լաց են բերում: Ես տատիս չափ չկամ, բայց իմ լացն էլ է գալիս: Պաթետիկ հայացքս մշուշվելով թեքվում է դեպի մյուս տատս: Տատս, մե՜ծ տատս...

Տատիս մայրն է, դար գլորած հայացքով նայում է լայնէկրան հեռուստացույցին ու մրմնջում դարագլոր բառեր: Տատս, Օսա՜ն տատս...

Նա ամեն ինչ այնքան պարզ չի հիշում, ինչպես դուստրը, բայց չի էլ լացում: Երևի պետք չէր հիշել, տա՜տ, պետք չէր հիշեցնել... անհիշելին:

Մոռացում - մոռացում, հավերշություն, տատ

Իսկ տատս, ում առաջ անզոր են պատերն անգամ, տատս, ով իմ մտապատկերներում միշտ նույնն է՝ նույն հայացքը, նույն աչքերը, նույն շորերն ու գլխաշորերը: Տատս չի լացում, նրա մոտ լաց բերելն է լավ ստացվում:

Բազմոցի ծածկոցի ու իր անհաշիվ, իրարից չտարբերվող գլխաշորերի մեջ Օսան տատս իր իրերն է փնտրում, մեղադրում ծոռներիս, որ իր գլխաշորերն ենք վերցրել... Է՜խ տատ, դու քո գլխաշորերը չես կորցրել, դու քո տարիներն ես կորցրել:

Պատերը դեռ մի կողմ, էսօր տատս լացս բերեց: 

Մոռացում - մոռացում, հավերշություն, տատ 

... Տատս կշարունակի նայել լայնէկրան հեռուստացույցին, կմրմնջա դարագլոր անուններ, կժպտա, կծիծաղի, բայց չի լացի: Ծոռներիցս կպահանջի վերադարձնել իր իրերը:

.....Ու երևի նաև կպահանջի վերադարձնել իր տարիները, աշխարհն ու ինքն իրեն:

Մոռացում - մոռացում, հավերշություն, տատ



 Շնորհակալություն ուշադրության համար

12

4

1587

  • Նիկեա
    2016-09-05 00:34:22
    Մել դու էլ իմ լացը բերեցիր. Լավն էր ինչպես միշտ, ոճդ՝ յուրօրինակ. ապրես Մելիտիտս (ծաղիկ)
  • Ժպիտիկ)))
    2016-09-05 23:01:01
    վախխխ ինչ լավն էր Մել)))
    • fiction ☯
      2016-09-06 20:48:20
      ապրես Մար ջան (կիթառ)