Copy SMS

Աշուն

Հանգչող բնության ոսկեվառ ոգին աշուն է ներկում: Դեղնակարմիր ծառերը խշշում են մեղմաձայն, գույնզգույն տերևներին օրորում է մի լուռ թախիծ: Ծառերը մերկացել, տերևաթափ են դարձել: Նրանք հառաչում են ինչպես մի ծերունի, ով կյանքի մայրամուտին այգաբացն է հիշում: Անձրևի ջրացող ուլունքները ճյուղերի վրա ալիքվող արցունք են կաթում և դիպչում չորացած տերևների տամկությանը: Ծառերը պատրաստվում են ձմռանը, որը մոտենում է՝ ուսերին դրած սառնության բեռը: Մերկացած ծառերին կփարվի ձյունը, որպես երբեմնի կարոտների և մեղավոր հույսերի ուշացած արդարացում: Չորացած տերևների հուշերի կանչը թերթում է օրացույցիս աշնանային էջերը: Ես հայտնվում եմ մանկության իմ արահետում, որտեղ ամեն մի ճանապարհ խաչմերուկ էր դառնում: Հիշում եմ, թե աշնանային օրերին որքան էր գեղեցկանում մեր այգի տանող  ճանապարհը. թափված տերևները, որպես արևի բեկված շողեր, զարդարում էին փողոցները:

  Տերևների մեղմաձայն շրշյունը դիպչում էր ականջիս և շոյում սրտիս նեղ լարերը: Քամին միշտ խաբում էր տերևներին՝ խելահեղ պարի հրավերով և տանում նրանց իր անդին հեռուները: Տերևները դողում էին աշնան սարսուռով, որը վերահաս ձմռան նախերգանքն է: Մինչ տերևներն աշուն էին երգում, գթազուրկ քամին տալիս էր նրանց վերջին քայլերթը: Ես տերևներ էի հավաքում աշնան գունագեղ պարահանդեսից և, որպես դեղին էջանշաններ, պահում իմ սիրելի գրքի էջերում: Այդ ժամանակից անցել են տարիներ: Փոփոխվող աշխարհի թարմությունը մաքրում է նույնության հայելին: Մի առավոտ, երբ ես նստած էի սենյակիս անկյունում, դարձյալ ձեռքս առա և բացեցի  Ակսել Բակունցի գիրքը, որի էջերում պահվում էր ծառերի ոսկեգույն թախիծը: Մանկության հեռավոր բույրերը լցվեցին հոգուս խոր անձավները: Տերևների սառած երակներում դեռ ապրում էին իմ մանկության կյանքի արևոտ հուշերը : Հաստաբուն ծառերը, որոնցից երբևէ կառչում էին տերևները, միշտ կանգուն են,- մտածում էի ես: Նրանք վաղուց մոռացել են դեղնակարմիր հրաշքներին, քանզի այժմ նրանց ճյուղերից թափվում են ուրիշ տերևներ,- շարունակվում էին մտորումներս,- մոռացումն է գծում հիշողության սահմանը:

  Մի օր աշունը գարուն կդառնա, ամիսների վազքին կհաջորդի տարիների երթը: Ձուլվելով բնության ոգուն՝ տերևներն աշուն կբուրեն, խառնելով աշխարհին իրենց անձրևոտ շշուկները: Մի կողմ դնելով գիրքը,հնացած  ես ես վեր կացա տեղիցս, տերևները ձեռքիս մոտեցա պատուհանիս: Նրանց մեկիկ-մեկիկ հանձնեցի քամուն՝ միահյուսելով ազատության զրնգուն կանչին: Գունագեղ պարի թովիչ պտույտը տարավ նրանց անծանոթ աշխարհներ: Երփներանգ անուրջները ձուլվեցին տերևների աշնանային երամին: Թող տանի նրանց քամին և պահպանի բնության ներդաշնակությունը: Ժամանակը հավերժական նորոգման հարատև ընթացքն է: Ընկնելուց հետո տերևներն այլևս չեն փարվի ճյուղերին, սակայն կկերտեն նորաբողբոջ ծառերի զմրուխտե տեսիլը: Դիպչելով բնության զարկերակին՝ նրանք ծաղկաբույր գարուն կբերեն:

Ամեն աշնան հետ նրանք կվառեն իմ մանկության բույրերի գույնզգույն հանդեսը:

Եվ տխրությունը ուրվական դարձած,

Թափառեց բոլոր կողմերն անպատճառ,

Անտառի՛ց, անտառ՛, փողոցից՛, փողոց՛,

Մայթից՛, մայթ՛ ու պարուրեց ինձ……….. 


Աշուն - բնություն, աշուն, ծառեր, քամի

4

2

1319