Copy SMS

Անցնում էիր...

Անցնում էիր... Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ... Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման... Սակայն կարճ էր հագուստը քո... Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո… Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ Ու շուլալվել քո հագուստի կոճակներին... Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես, Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես… Եվ արթնացավ մեջս հանկարծ Ինքնաձաղկման և ամոթի Տարօրինակ մի ցանկություն... Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով` Ոչ թե անո՜ւշ մի հիացքով, Այլ մի տըտի՛պ, Հաճախ դա՛ռըն, Նաև կծո՜ւ մի հայացքով.... Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել` Բարկանալու և դատելու աստիճանի, Չարանալու և ատելու աստիճանի, Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի Հիացմունքի՜ն.... Հոգով-սրտո՜վ ներողություն… Այսուհետև, ինձ հավատա՜, Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին. Է՜լ չպիտի այսուհետև Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ: Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե Սապատվել է իմ շալակին... Թող հնչի նա՛... Եվ անցիր դո՛ւ.... Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ», Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված, Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր, Եվ քեզ թաքուն ունենալուց Ջղերը մեր քիչ խաղաղվեն, Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման, Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…

Անցնում էիր... - Անցնումիր,երեկոն,բույրերով, ջերմությամբ

6

0

1185