Copy SMS

Վերջին 100-րդ հրաժեշտը...


Վերջին 100-րդ հրաժեշտը... - ջերմություն, մենակություն, անօդություն

Վերջին անգամ նայեցի ետ, ոչինչ չունեի, որ կարող էի հետս տանել: Անցյալը ջնջվել էր անդարձ: Դատարկության մեջ պար էր գալիս միայն անունս, միայն անունս մնաց, միայն անունս կարողացա խլել քեզանից: Ձեռքերս սառն էին. երեկ քո ջերմությունն էր տաք ձեռնոցների պես փաթաթվել ձեռքերիս ու անվերջ ջերմացնում, իսկ հիմա դու չկաս ու ջերմությունդ կարծես եղել է մի բուռ արևի շող, որ անհետացավ մայրամուտի հետ: Քամին մատներով խառնեց մազերս, բայց չկան քո ձեռքերը, որ անշտապ ու մեղմ շարժումով կշոյեն գլուխս ու ամեն ինչ կատարյալ կթվա: Կյանքը մենակության ու տխրության անգույն երանգներով մի զգեստ կրած՝ ճանապարհեց ինձ անհայտ ուղղությամբ, իսկ դու չկաս, որ քո ժպիտով գունավորես այն կյանքը, որ մի ժամանակ քո անունն է կրել: Օդը լցվեց անօդությամբ, ես դադարեցի շնչել, դադարեցի ենթարկվել բնության օրենքներին: Նորից ցանկություն առաջացավ քեզ տեսնել, քեզ հետ խոսել, նորից զգալ, որ ես կամ քո համար, որ շարունակում եմ լինել քո լուսավոր կետը, որն առաջնորդում էր քեզ քո խավար ու անգույն օրերում: Նորից ցանկացա զգալ քո կենարար ներկայությունը, այն խաղաղությունը, որ տիրում էր իմ սրտում, երբ զգում էի քո ջերմ հայացքներն իմ սրտում, քո ժպիտների դրոշմներն իմ հոգում: Բայց նույն վայրկյանին իրականությունը մի դառը ապտակ հասցրեց երեսիս, նորից սկսեցի կում-կում խմել դառը դատարկության ու մենակության բաժակից ու թիկունք դարձրի քեզ: Ես ատեցի քո ներկայությունը, ատեցի քո տված խաղաղությունը: Քո տված ջերմությունն այնքան սառը թվաց ինձ, որ սկսեցի մրսել ու տաք անձրև խնդրել աշնանային սառը երկնքից: Ես նորից կորցրեցի ինձ ու նորից գտա քեզ: ՉԷ՛, քե՛զ չէ, այլ քո բացակայությունը իմ կյանքից:   

3

0

840