Copy SMS

Չվերնագրածներից

Չվերնագրածներից - էսսէ, պատմվածք

 

 


 

Գիշերն իր անշտապ քայլերն էր ուղղում դեպի ցայգալույս: Քաղաքում լսվում էր քամու հևոցը, որը, քսվելով շենքերի պատերին, ուղղությունը փոխելով, շրջում էր` սուլոցը կապելով: Նոր ծաղկած ծառերը տրվում էին քամուն ու դեռ նոր ծլած տերևները հանձնում նրան (քամին երբեք չի սիրել գարունը. նա միշտ փորձում է խանգարել նրան՝ իր ծաղկունքը ապրելու համար): Բայց այս անգամ սովորական քամիներից չէր, որ հյուրընկալվել էր քաղաքին: Այս անգամ նա իր հետ բերեց բոթը և այն անթիվ ծրարներով կախեց օդից` ամեն մի շքամուտքի ու դռան առաջ: Եվ դրանից օդը այնքան էր ծանրացել, որ չդիմացավ. պայթեց…
Արդեն չորրորդ օրն է, ինչ քամին շարունակում է չարաբաստիկ ծրարներ կախել օդից: Կապ չունի, թե ում տունն է: Մարդ ցավը միշտ կիսում է, միայն ուրախությունն է, որ ագահաբար նա պահում է իրեն:
Չգիտեմ` ինչքան ժամանակ էր, որ հետևում էի գիշերվա շարժին, բայց երբ շրջվեցի դեպի սենյակ, տղերքը քնել էին արդեն: Մոտեցա աթոռին և լուռ նստեցի Տիկոյի կողքին, հիշեցի մեր անցած օրերը: Ո՞ւր էր չքացել այն կայտառ ու վառվռուն աչքերով տղան: Իմ առաջ խորը քնի մեջ մտած այս մարդը ուրիշ Տիկո է, մենք բանակ ուղարկեցինք մեր Տիկոյին, իսկ նա մեզ վերադարձրեց այլ, փոխված Տիկոյի… Երևի հիմա քնի մեջ նորից մարտի է բռնվել թշնամու հետ ու դեռ շարունակում է պայքարել այն մի կտոր հողի համար, որի վրա կանգնած է… Հիշում եմ` ինչ-որ մի գրքում կարդացել եմ, որ եթե մարդիկ խուսափում են մահից, ուրեմն անսահման երջանիկ պետք է լինեն: Մինչդեռ նրանք երբեք այդպիսին չեն: Առավոտյան արթնացա բժշկուհու ներս մտնելու պահին: Նա ստուգեց տղերքի ջերմությունը, ինչ-որ գրառումներ արեց թղթին և ասաց, որ այսօր լրագրողներ պետք է գան՝ հարցազրույց վերցնելու: Ժամը 11-ը չկար, երբ լրագրողները այցելեցին 2-րդ պալատ: Սկսեցին հարցեր տալ տղերքին: Երբ լրագրողը Տիկոյին հարցրեց, թե ինչպես է իրեն զգում, մի պահ լռելուց հետո պատասխանեց.
-Ես շատ բան չեմ ուզե ըսեմ: Մենակ կըսեմ` մենք ընկանք էս կռվում, մեզի ըսել էին, որ բդի պարտքը տայինք, բայց չէին ըսե, որ մեր կյանքով բդի տայինք: Հե՜յ, մեզի փոխարինող սերունդ, անհոգ էղի, մենք երկրցրել ենք քու պարտքդ...
Այս խոսքերից հետո քարացել էին բոլորը: Լրագրողը չգիտեր` էլ ինչ ասեր: Երբ լրագրողները արդեն գնացել էին, և փոքր ինչ հանդարտ էր հոսպիտալում, որոշեցի խոսել Տիկի հետ այդ խոսքերից հետո։
-Լսե, Տիկ, դու հմի կհասկնաս, որ ամեն ինչ բդի սկսե դեպի լավը էրթալ, եթե դու չհանձնվիս:
-Արամ,ես չեմ հանձնվի, ուղղակի ես հլը կլսեմ տղեքի ձեները ու որ կմտածեմ,թե...
-Իրանք հերոս են, իսկ գիտես, չէ՞, հերոսները ետ չեն գա: -Հերոսները ետ չեն գա,-կրկնեց հիշելու համար:
-Դուք ետ եք էգե, դուք հմի մե կյանքովմ չբդի ապրիք, ձեր ուսերին եք առե արդեն ձեր տղեքի կյանքն էլ...ընդեղ`դուսը, սաղը մեռածներին հերոս կսեն, որովհետև գիտեն, որ իրանք ետ չեն գա, որովհետև ըդպես հեշտ է իրանց համար ըդպես ըսել...բայց իրանք կսխալվին, տղեքը ետ են էգե ձեր շնորհիվ,դուք ոչ միայն ձեր, այլ նաև իրանց տեղը բդի շարունակեք ապրել...էդի կնշանակե, որ երբեք չբդի հանձնվիք...չհուսալքվիք... -Հերոսները մեր երկրի մեջը մենակ մեռածներն են...
-Հա...մենակ մեռածները իրավունք կստանան էդ կոչմանը արժանանալ…


Գիշերը կրկին սկսեց կուլ տալ օրվա վերջին մարող լույսերը, ու քաղաքը ընկղմվեց մթության մեջ՝ ուր քամին սկսեց կրկին շրջել թափառականի նման փողոցից փողոց…


Ցունամի
25.03.2017

10

3

959

  • Amalya
    2017-04-09 00:14:53
    (բռավո) :'( իրոք շատ լավն էր
  • Dark Δ'
    2017-04-11 16:10:59
    Լավն էր շատ ․․․․
  • Ցունամի
    2017-04-13 23:58:35
    շնորհակալ եմ կարծիքի համար