Մեր կյանքի տխուր իրականությունը
Դժվար է արդեն կարողանալ բացատրել այնպիսի բառերի իմաստը, ինչպիսիք են՝ արդարություն, հարգանք, երախտագիտություն, համեստություն: Սրանց իմաստները հնացել են, կորցրել իրենց նշանակությունը և դրանում գնալով համոզվում ենք՝ լսելով և նույնիսկ տեսնելով շատ դեպքեր:
Այս դեպքը տեղի ունեցավ համալսարանում՝ դասի ժամանակ և ամբողջովին խաթարեց իմ ներաշխարհը: Այն ինձ վրա ազդեց լացելու չափ շատ:
Մենք նստած էինք դասին, լեկցիան ավարտվելուց հետո դասախոսը մեզ ասաց, որ այսօր 10 րոպե շուտ է թողնում, որպեսզի հասցնի երթուղայինին: Եվ որովհետև նա տարեց մարդ էր և դժվարությամբ էր քայլում, մինչև երթուղային հասնելը այն լեփ լեցուն էր լինում ուսանողներով և նստելու տեղ չէր լինում:
Ես կուրսի ավագն եմ և դասախոսի այդ խոսքից հետո վեր կացա վերցրի մատյանը և դուրս եկանք: Սովորության համաձայն մտա դեկանատ՝ մատյանը այնտեղ դնելու, բայց ոչ սովորական այնտեղ նստած էր մեր ֆակուլտետի դեկանը՝ կարմրած աչքերով և կատաղած հայացքով: Նա մի հայացք գցեց ինձ վրա և բարկացաց տոնով ասաց.
- Դեռ դասին 10 րոպե կա, ինչու եք շուտ դուրս եկել, ու՞մ մոտ եք դասի,- պատասխանի չսպասելով հարցնում էր նա:
- Ընկեր Սիմոնյանի,- վախեցած պատասխանեցի ես:
- Ուրեմն հենց հիմա հետ եք դառնում, նստում եք դասի և մինչև զանգը չհնչի դուրս չգաք: Ինձ ռեկտորը նախատում էր ասելով, որ քո ֆակուլտետից բոլորը շուտ են դուրս գալիս:
Մենք արագ հետ դարձանք և մտանք լսարան, որտեղ մեր դասախոսը զրուցում էր փոխդեկանի հոտ: Մեզ տեսնելով զարմացավ և հարցրեց թե ինչու ենք հետ դարձել, մենք ասեցինք պատճառը և նստեցինք: Դասախոսս ընկճված հայացքով և տխրամած աչքերով դիմեց փոխդեկանին խնդրելով, որ դեկանին փոխանցի մոտենա իրեն, քանի, որ ինքը դժվարությամբ է քայլում: Տիկինը գնաց, բայց նրանից հետո դեկանը չեկավ, դասախոսս հասկացավ, որ նրան ոչինչ չեն փոխանցելև ընկերուհուս խնդրեց գնալ և կանչել դեկանին: Ես ինձ այնքան մեղավոր էի զգում ու չդիմացա ասացի.
- Թե ես ինչու մատյանը տարա, կարող էր մնալ այստեղ վաղը կվերցնեի:
Դասախոսս ձայն չհանեց ուղակի ժօտաց: Եվ այդ ժամանակ մտավ դեկանը ու դասախոսս դիմեց նրան.
- Մարտի՛ն, ես ուսանողներին շուտ եմ թողել, որպեսզի հասցնեմ երթուղայինին:
- Ընկեր Սիմոնյան դուք չեք հասկանում, որ մեր ֆակուլտետի վրա նկատողություն է եկել, դասից շուտ դուրս գալու համար, ու դուք հիմա ինձ ինչ եք ասում,- ձայնի տոնը շատ բարձր, գրգռված գոռում էր նա տարեց, բայց մեծ պատմություն ունեցող, մե՛ծ մարդու վրա:
Այո՛ նա մեծ մարդ է, նա այն մարդն է ով հիմնադրել է համալսարանը, ով 60 տարի այդ համալսարանում նվիրված աշխատել, տվել գիտելիք սեր և հարգանք: Նա պրոֆեսոր է, ակադեմիկոս, գիտությունների դոկտոր և միևնույն ժամանակ համեստ ու հասարակ մարդ՝ մարդ բառի իսկական իմաստով: Իսկ այսօր մեր նորաթուխ դեկանը գոռում է նրա վրա.
- Ես հասկացա քեզ, շնորհակալ եմ, որ եկար մենք կնստենք մինչև զանգը կհնչի,- ասաց դասախոսս, իսկ դեկանը շրջվեց և գնաց,- իրենց ինչ կա, իրենք հիմա կնստեն իրենց մերսեդեսները ու տաք-տաք կգնան տուն, իսկ ես պիտի սպասեմ, որպեսզի նոր որթուղային գա, որ նստելու տեղ լինի:
Մի քանի վայրկյան նա լռեց, հետո խորը հոգոց հանեց և դառնացած ասաց.
- Հիմա բոլորը իրենց մեքենաներով են գալիս, բայց իրականում իրենցից ոչինչ չեն ներկայացնում, իսկ ես կամրջի վրա կանգնած սպասում եմ երթուղայինին, ես ինձ ոչնչացված եմ զգում:
Զանգը հնչեց և զանգը այդ պահին փրկություն էր, որովհետև եթե դա մի քանի րոպե էլ շարունակվեր, դասախոսիս հետ միասին լացեկու էի, քանզի նրա աչքերում արցունքներ կային և անսահման թախիծ:
Մենք դուրս եկանք: Չէի պատկերացնում, որ այդքան բան կատարվեց այդ 10 րոպեի ընթացքում: Թվում թր դուրս կգանք ու դռնից այն կողմ կմոռանանք կատարվածը, բայց ես դա երբեք չեմ կարող մոռանալ: Այս ամենի մեջ ես նաև ինձ եմ մեղադրում, մյուս կողմից էլ ճանաչեցինք իրենց սրբի տեղ դրած և հրեշտակի դիմակով մարդկանց:
Սա է իրական կյանքը, սկզբում թվարկածս բառերի արդի բացատրությունը, սա այն է ինչ ունենք հիմա, այն ինչը սպանում է հներին, իսկ ինքը մեծ ու արագացված թափով՝ բազմանում, աճում ու ապականում է մոլորակը:
Գայանե
(Գայա Հայկազ)
N S
2017-05-31 13:27:28