ԻՄ ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱ
Քո սպիտակափառ գագաթն եմ տենչում
Ամեն առավոտ աչքս բացելիս,
Իմ բաժին կարոտն եմ անդադար խեղդում
Ամեն ակնթարթ աչքս թարթելիս...
Եվ քո անարատ օդն եմ փափագում
Գագաթիդ կանգնած անընդհատ շնչել,
Քո գիրկը բերող ճամփան եմ փնտրում,
Լուռ երազելով քո գրկում քնել...
Քնել, արթնանալ քո վեհ լանջերին,
Գագաթդ դարձնել իմ փառքի ճամփան,
Եվ վերականգնել արդարությունը,
Որ քո պատկերին կարոտ չմնամ...
Ուզում եմ պառկել քո վեհ փեշերին,
Որ միաձուլվեմ հող ու քարերիդ,
Դառնալ մասնիկը անսանձ բնության,
Դառնալ մասնիկը անցած դարերիդ...