Copy SMS

Լռության ձայնը

 

Դժվար թե կյանքում լսած լինենք լռության ձայնից բարձր ձայն: Այն խլացնում է, զարմացնում և, միևնույն ժամանակ, սովորեցնում է:

Երբեմն խոսքերը չեն կարող անել այն, ինչ կարող է անել մի լուռ քայլը: Մենք կարող ենք ժամերով որևէ բան բացատրել, կամ մի գուցել լսել մեկի բացատրությունն ու չհասկանալ, բայց երբ այդ ամենը գործնականում ցույց տանք, այն ավելի կհասկացվի ու կհիշվի դիմացինի կողմից:

Մարդու տեսողական ընկալումը և պատկերացումներն օգնում են սովորել ու հիշել  շատ բաներ:

Մենք կարող ենք ասել շատ կարևոր ու խելացի խոսքեր, հասկանալ, թե որն է ճիշտ գործողությունը և մեր իմացածով կիսվել շրջապատի հետ: Բայց  միայն ասելը և հասկանալը դեռ շատ քիչ է, մենք պետք է կարողանանք գործնականում կատարել մեր ասած ու հասկացած բաները:

Երբ ուզում ես խոսքդ արժեք ունենա, կիրառիր այն քո կյանքում: Եթե մենք դիմացինին ասենք, որ ճիշտ է սիրելը, օգնելը, գնահատելը և նման շատ կարևոր արժեքներ, բայց մենք ինքներս չանենք ու չկիրառենք այդ արժեքները մեր կյանքում, այդ խոսքերը արժեք չեն ունենա դիմացինի համար:

Մեկ լուռ քայլը կարող է մեծ աղմուկ բարձրացնել: Մեր ճիշտ վարքագիծը դիմացինին կարող է ավելի շատ բան ասել, քան ժամերով նրա հետ խոսելը:

Իհարկե, խոսելը նույպես կարևոր է՝ երբ խոսքն ու գործը համաչափ են ընթանում:

Խոսելը հեշտ է,  իսկ գործելը՝ ոչ միշտ: Փորձիր կիրառել քո լսած ու ասած ճիշտ բաները ու այնպես արա, որ դրանք հավասարակշռված լինեն:

Այդ ժամանակ խոսքերը կլինեն արժեքավոր, քանի որ դրանց կիրառումը կստիպի չչափազանցնել ու ասել այն, ինչ կարևորն ու առաջնայինն է:

Թող մեր մեջ լռության ձայնը ավելի բարձր լինի, որ ոչ միայն խոսքերով, այլ նաև լռությամբ՝ վարքագծով ու գործերով, փառավորվի Աստծո անունը:

3

0

882