Copy SMS

Իմ պատմությունը

Իմ պատմությունը - «Շնորհակալ, եմ քեզ: Այն բանի, համար, որ դիմացար…


«Ցանկանում եմ ներկայացնել իմ պատմությունը: Հնարավոր է՝ շարքային եւ ինչ-որ մեկի համար անհետաքրքիր:

Ես 18 տարեկան էի, երբ հանդիպեցի նրան: Իմ կեսին: Ո՛չ, նա գեղեցիկ չէր, այն ժամանակ ոչինչ չուներ. ո՛չ մեքենա, ո՛չ տուն, ո՛չ աշխատանք: Բայց իմ ներսում ինչ-որ բան շարժվեց: Հասկացա, որ այդ նա է՝ իմ տղամարդը: Մենք շփվում էինք: Առաջին 2-3 ամիսները՝ որպես ընկերներ: Հետո, չգիտես ինչպես, քիչ էր մնում անկողնում հայտնվեինք: Դադարեցինք հանդիպել: Եվ այդ ժամանակ գիտակցեցի, որ առանց նրա ապրել չեմ կարող:

Հիշում եմ, թե ինչպես գնացի Աբովյան փողոցի փոքրիկ եկեղեցին. արտասվում էի եւ Աստծուն խնդրում օգնել ինձ: Եթե դա է ճակատագիրս, ուրեմն թող նա վերադառնա: Այդպես էլ եղավ…

Առաջին իսկական սերը, առաջին սեքսը, առաջին տառապանքը: Այո՛, շատ ցավալի էր «Ես քեզ սիրում եմ» խոստովանությանն ի պատասխան միայն լռություն լսել: Ես սիրում էի անմոռաց, նրան տալիս էի բացարձակապես ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չպահանջելով եւ բավարարվելով փշրանքներով: Կրքի բռնկման պահին նա այնքան քնքուշ էր, իսկ սեքսից հետո դառնում էր օտար: Նրա հեռախոսում ուրիշ կնոջից հաղորդագրություններ էի գտնում, բռնում դավաճանության մեջ, բայց ոչինչ ասել չէի կարողանում, վախենում էի, որ կհեռանա: Եվ այսպես՝ 4 տարի, իսկ հետո…

Ես մեկնեցի Եվրոպա՝ ուսանելու: Ամեն օր խոսում էինք հեռախոսով, բայց ես զգում էի, որ ամեն օր նա ավելի ու ավելի է հեռանում: Ամեն ինչ թողեցի ու հետ վերադարձա: Նա ինձ հիմար անվանեց եւ ստիպեց վերադառնալ՝ ուսումս ավարտելու:

Հենց այդ պահին ամեն ինչ փոխվեց: Հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է: Նույնիսկ սերը շրջանցելը: Այդ երկրում ընկերներ գտա, սկսեցի նորմալ սովորել, «խելոք» գրքեր կարդալ: Եվ մի անգամ նկատեցի, որ հեռախոսս սենյակում եմ թողել, չնայած նախկինում դրանից չէի բաժանվում նույնիսկ լոգարանում. չէ՞ որ նա կարող էր զանգահարել:

Եվ… խանդել սկսեց ինքը: Օրական 7-8 անգամ զանգահարում էր, նամակներ գրում, մե՛կ մեղադրում էր դավաճանության մեջ, մե՛կ ասում էր, թե կարոտում է:

Ես ուսումս ավարտեցի, վերադարձա: Մենք եւս կես տարի հանդիպում էինք: Իսկ հետո ստացա այն ամենը, ինչի մասին առաջ երազում էի. ձեռքի եւ սրտի առաջարկություն, սիրո խոստովանություն, փոխվելու խոստում: Ծնկաչոք: Զբոսայգում:

Եվ, գիտեք, նա կատարեց խոստումը: Հիմա այնքան երջանիկ եմ, որ երբեմն թվում է, թե երազ է: Մենք միասին ապրում ենք արդեն 4 տարի, փոքրիկ ունենք: Իհարկե, երբեմն անախորժություններ լինում են, բայց գիտեմ, որ մենք դրանք միասին ենք հաղթահարում: Եվ սիրում ենք միմյանց: Ու եթե վիճում ենք, դա տեւում է 10 րոպեից ոչ ավելի:

Չգիտեմ, գուցե սա պարգեւ է այն բանի համար, ինչին ես դիմացա 5 տարի: Հնարավոր է՝ պարզապես տրված երջանկություն է:

Բայց կարեւորն այն է, որ ընտրության հարցում չսխալվեցի: Ինձ վստահեցի նրան, երկար ու դժվարին ճանապարհ անցա: Հայաստանում դա հազվադեպ է լինում:

Իսկ երեկ երեկոյան, երբ երեխան քնած էր, եւ մենք խոսում ու հիշում էինք անցյալը, տարիներ անց խոստովանություն ստացա. «Շնորհակալ եմ քեզ: Այն բանի համար, որ դիմացար: Գիտեմ, որ վատ էի վարվում: Ստիպում էի քեզ անել այն, ինչի մասին մտածելն անգամ ամոթ է: Եվ, հավատա, այդ ամենը հոգուս մեջ է: Քո ամեն մի արարքն ու ներողամտությունը հավաքում էի իմ սրտում, ինչպես նռան հատիկներ: Գիտեմ, որ քեզ այլեւս ցավ չեմ պատճառի»:

Գիտեք, այդ խոսքերի համար կարելի էր ամբողջ աշխարհը տալ, իսկ այդ պահին նրա աչքերի արտահայտության համար՝ ամեն ինչի դիմանալ: Ես շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ այսօր ունեմ. սիրո, որդուս եւ ընտանիքիս համար: Եվ նրա համար, ով շուտով կլինի իմ կյանքում: 7 ամիս անց:

3

0

1396