Copy SMS

Օրոր

Օրոր - Էսսէ, Ցունամի


Գիշերալուսինը` տանջանքիս վկան, ու դառնարցունքից կշտացած աչքերս նորից լսում են ձայնդ օրորի… Օրորոցում լացս բաղաձայն հանդարտ ննջում էր քո օրորի տակ, ու հիմա, որ քայլ եմ արել օրորոցից դուրս՝ չեմ ուզում լսել ձայնը քո փրկիչ…Սու՛ս մնա, բավակա՛ն է երգես, անքուն են հիմա գիշերներս մութ: Ես ուզում եմ տրվել օրենքին գիշերվա, որ գրված է խաղաղ քնի ու հանգստի համար: Ինչ սկսել եմ քայլել, ես այդ օրենքն իմ մաշկի վրա չեմ զգացել, և դրա միակ մեղավորը Դու ես... ու սեփական աչքերս: Մեկընդմիշտ կապել ես ինձ անօրեն օրորոցային քնեցնող ձայնիդ ու փակել անցյալի խցում, որ մինչ այսօր չեմ կարողանում տեսնել ներկան: Ամեն օր, երբ օրը հայտարարում է գիշեր, դու սկսում ես իմ խուլ ականջներում երգել նույն տանջահար երգը: Բավակա՛ն է, խնդրում եմ, լռեցրու՛ քեզ, հանգստացրու՛ կարոտից հոգնած ու բացակա աչքերս խղճուկ...Մարմինս՝ ներկա ժամանակներում՝ թաղել է աչքերս անհուշ անցյալում, որտեղ դեռ մանուկ, որտեղ նորածին՝ ննջում էի հանգիստ օրորիդ ձայնից: Վերացրու՛ կապը իմ մանկությունից, խլացրու՛, վանի՛ր հուշերն իմ վշտահար, և որպես մանուկ քո կրծքից ծնված՝ խղճա ինձ գոնե այս անգամ և օրորիդ երգը ջնջիր հավիտյան: Ննջել եմ ուզում, գեթ մեկ վայրկյան ննջել եմ ուզում, մի˚թե ձայնդ չի խզվում, մի˚թե դու չես մրսում գիշերներում այս մութ, հիվանդությունը մի˚թե քեզ համար չէ.... լռի´ր վերջապես, աչքերս եմ ուզում քո ձայնից հարբած, տեսնել եմ ուզում կյանքս իմ ներկա, խնդրում եմ քեզ, անզգա դու երգիչ, մահացի՜ր հանգիստ հուշերում իմ հին....




Ցունամի
2015թ.

4

0

79