Համահարթեցում
Լճացել եմ ու քարացել։ Չեմ զգում այնքան լավ, ինչքան առաջ։ 8-րդ նոր նոտա ու 8-րդ նոր գույն եմ ուզում։ Ամբողջապես նոր բան եմ ուզում, զգայարաններս տառապում են համահարթեցումից։
Դպրոցում մի անգամ թռչող քարը գլխիս կպավ։ Արնահոսում էր ու սարսափելի ցավում։ Ես ներսում հրճվում էի։ Իմ գլխին էլ էր քար կպել ու արնահոսել։ Ու երբ մեկը կպատմեր, թե ինչպես իր գլխին քարով խփեցին ու արյուն եկավ, կժպտայի, որովհետև կիմանայի՝ դա ինչ է։
Մի ուրիշ անգամ դուռը բացեցի ու խփեցի գլխիս, բայց ես կուզեի այն փակել ու մատս երկու փեղկերի արանքում թողնել։ Երեկ երթուղայինի դուռը փակելիս մտքում նկատեցի․ «Մատս երբեք դռան տակ չեմ թողել»։ Տեսնես՝ դա ի՞նչ է։ Փոքր ժամանակ ցավերը բաժանում էի երկու խմբի՝ լացելու աստիճան ու առանց լացելու։ Երբ մատդ դռան փեղկերի արանքում է մնում, դա ի՞նչ ցավ է։ Երևի հաջորդ անգամ քաջություն կունենամ այս բացը լրացնելու։
__________________________________
Ծնկներից ներքև խաչել է ոտքերը։ Ձեռքերի դիրքը Մերկելին է հիշեցնում։ Մատները սիրուն են։ Սպիտակ լարից հայացքով բռնած բարձրանում եմ դեպի ականջներ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլսի, եթե ականջներում բարձր ռոք միացված չլիներ։ Ռո՞ք, ինչի՞ց ենթադրեցի։ Չգիտես ինչու՝ ինձ միշտ թվում է, թե ականջակալներով մարդիկ ռոք են լսում։ Հըմ, սուբյեկտիվ լավատես եմ։
Նայում եմ դիմագծերին։ Աչքերը փակ են ինչպես ականջները։ Եթե բաց լինեին, կկարողանայի ասել, որ կոշիկներին է նայում։ Բայց փակ են։ Ու ես չգիտեմ, թե ինչ են տեսնում շեկ թարթիչներով աչքերը։
Չի խոսում, շուրթերը ամուր սեղմված են։ Ու ես չգիտեմ՝ ինչ կասեին այդ շուրթերը, եթե բացվեին։
Սուտ է։ Մարդը մարդուն չի կարող օգնել (մնում է՝ ինքներս մեզ օգնենք)։ Օգնելու համար հասկանալ է պետք։ Իսկ «հասկանում եմ քեզ» բառախումբը երբևէ հնչած ամենահաջողված սարկազմն է։ Ոչ ես ու ոչ էլ ինչ-որ մեկը մատը երթուղայինի դռան փեղկերի արանքում չի թողնի, ինչ է, թե ուրիշի ցավը հասկանա, որ օգնի։ Ու այս ամբողջ տեքստը օբյեկտիվորեն կեղծ պաթոս է, որքան էլ այն լինի սուբյեկտիվ երազանքի պատմություն։
Երթուղայինում հայտնված 2-րդ սպիտակ լարը պայուսակից ձգվեց դեպի ականջներ։ Մատները սիմետրիկ դիրքադրվեցին՝ հիշեցնելով Մերկելին։ Փակված աչքերը դիտում են կոշիկները, շուրթերը լուռ են։ Ականջներումս ռոք է։
Շեկ թարթիչներով աչքերը բացվեցին, սպիտակ լարը ականջներից սահեց դեպի գրպաններ, մատները դիպան սմարթֆոնի էկրանին։
Կարդացի․
«Justin Bieber - Boyfriend»
____________________________________________________________
Շնորհակալություն ուշադրության համար
Dark Δ'
2017-12-29 13:21:47fiction ☯
2018-01-07 20:45:24over the moon
2018-03-31 18:59:39fiction ☯
2018-04-10 19:30:53