Copy SMS

Դու խոստացել էիր...

Դու խոստացել էիր... - հիասթափություն, երազ, սեր, հիշողություն



Այն օրվանից հետո միայն մի օր եմ ապրել: Կյանքս այդուհետ նմանվել է թիթեռի կյանքին` մեկօրյա է: Իսկ իրականում անցել են տարիներ, թե քանիսը` հիշել չեմ կարող: Ամեն բացվող օրը նման է նախորդին: Ուրեմն ինչպես հիշեմ... Արդեն վաղուց եմ մոռացել թե քանի սուրբծննդյան տոներ եմ նշել... Չէ, ոչ թե նշել, այլ անցկացրել... պարզապես օրացույցի հերթական թուղթը դեն նետել: Այդ էջը շատ լավ եմ հիշում, որովհետև այն, ի տարբերություն մյուս օրացույցային էջերի, գունավոր է` սուրբծննդյան տրամադրությամբ: Ափսոս... այն ստեղծողներին երբեք չի հաջողվի այդ տրամադրությունն ինձ փոխանցել: Երբևէ մտածե՞լ են, որ իրենց այդ մտահաղացումը իմ նմաններին ոչինչ չի տալիս, ընդամենը դառնում են մեր միօրինակ կյանքի արձանագրողները... Ատում եմ այդ օրացույցը ու գիտեմ, որ գլխումս մի բան պակաս է,խելագար եմ կամ հիմար. շարունակում եմ գնել միշտ հենց այդ օրացույցը... Չգիտե~մ, գուցե չեմ ատում....Ուղակի այլևս ինձ չեմ հասկանում... Ինչևէ, կարծում եմ` պետք է գոնե օրացույցի տեղը փոխել, թե չէ ամեն առավոտ նույն պատմությունն է` բացում եմ աչքերս, նայում օրացույցին ու մի նոր տեսակ ապուշությամբ լցնում գլուխս: Երբեմն ինձ թվում է թե այդ օրացույցը մի յուրօրինակ թմրանյութ է: Այլ բացատրություն չունեմ ապուշ մտքերիս համար...Պետք է վեր կենալ անկողնուց ու գոնե այսօր նախաճաշել և վերջապես դուրս գալ տնից...Բայց ինչի համար...
...Ինչպես միշտ...մոռացել եմ հաց գնել: Նայում եմ ջեռոցին ու ծիծաղս գալիս է. ե՞րբ եմ վերջին անգամ այն օգտագործել... Թերևս ավելի հեշտ կլինի հիշել թե երբ եմ վերջին անգամ սնվել... Հասակս 1.60 է,քաշս` 42: Բավական է 2-ը փոխարինվի 0-ով ու կդառնամ մեկը նրանցից, որոնց կոչում են անորեքսիկներ... Մարմինս չի կարողանում հանգստանալ, ցավում է ու անկարող եմ քնել: Հոգիս վաղուց է անհանգիստ ու ես միայն նոր եմ հասկանում,թե որքան տհաճություններ է պատճառում սիրտս: Նրան միշտ ամեն բան թույլ եմ տվել, արել իր ուզածով, իսկ փոխարենը միշտ կտրում է հոգուս թելերը ու հիմա էլ անցել է մարմնիս: Գիտե՞ք` ինչ է նշանակում մերկանալ հայելու առաջ ու չզգալ մերկությունդ... Փորձել գտնել մի կորություն, որ կհուշի թե մերկ ես, կստիպի քեզ մարդ ու վերջապես կին զգալ... Անտանելի զգացում է. այն, ինչ քեզ պետք է փոխանցեր քո ինքնավստահությունը, այլևս չկա... չես կարողանում որսալ առաջվա պատկերդ... Դարձել ես ոչինչ... Պատրաստ ես պղծել մարմինդ, ընծայել այն առաջինին, որ կհանդիպի: Բայց, ոչ, ընծայում են արժեքավորը, իսկ մարմինդ այլևս արժեք չունի: Ու այսքանով չի վերջանում խաղը, դա վերջը չէ... Դու պատրաստ ես ցանկացած տեսակ ինքնասպանության: Եվ մոռացեք բոլոր նրանց, ովքեր կասեն թե կանայք նախընտրում են գեղեցիկ մեռնել: Հորինված հիմարություն է... Հիմա կանգնած հայելու առաջ, նայում եմ ինձ ու միակ բանը, որ զգում եմ իմ հանդեպ խղճահարությունն է... ու գիտես... ինչ տարբերություն մարմինդ ծածկված է հագուտով թե ոչ: Միևնույն է հոգիդ դատարկ է ու ոչինչ չունի... իսկ եթե հոգումդ թաքուն ոչինչ չունես, ապա ինչի համար թաքցնել մարմինը...Ես դադարել եմ նկատել դատարկությունս ու մերկությունս: Փողոցում հաճախ եմ փորձում որսալ ստվերս... այն չկա, ու դա նշանակում է, որ չկամ և ես... Անդադար հիմարություններ... Վերջապես պետք է փոխել օրացույցի տեղը: Դրանից նյարդերս տեղի են տալիս...

4

2

801

  • Երևակայող 007
    2018-01-17 15:46:27
    Հետաքրքիր էր :) Հեղինակը Դո ՞ւք եք
  • Amalia
    2018-01-25 21:17:43
    այո (ժպիտ)