Գիշերվա երիտասարդը
Երբ ի հայտ է գալիս լուսինն ու տիեզերքն իր պերճաշուք տեսքով հայտնվում է մարդկանց, նրանք, արդեն գլուխները դրած բարձին փակում են օրվա էջն ու զգում հանգիստը: Մինչդեռ գիշերը գալիս է ոչ միայն իր թմրացնող շնչով, այլև իր հզոր փառքով պարուրված: Նա գալիս է մռայլ տեսքով ու քաղաքի վրա իջեցնում է լռություն: Կյանքի վերջին տարիները վայելող ծերուկը, օրվա հոգսերով խեղդված հասուն մարդը, երիտասարդությունը վայելող երիտասարդը, կամ մանկության ժամերն անցկացնող մանուկը ցերեկվա պարզ երկնքին նայելիս հազվադեպ են խորհում բնության և այն ստեղծողի մասին: Զարմանալի ոչինչ չկա, անգամ գիշերը արթուն մարդկանցից շատերը չեն տեսնում այն փառքը, որն իջնում է երկրի վրա մայրամուտին և մնում մինչ արևածագը: Մարդիկ՝ հատկապես գիշերը, իրենց բնազդներին տրված շարունակում են ապրել ու հեռվանալ բնությունից և հոգևոր կյանքից: Մի բան, որն անտեսում է փառավորված խավարը: Նա գալիս է երկիր ոչ թե մարդկանցից փառք ստանալու, այլ խաղաղություն պարգևելու իրեն զգացողներին, ու բացարձակ չի տրտմում իրեն չգնահատողների պատճառով: Այնպես, ինչպես սիրամարգը իր գեղեցկությունը ի ցույց չի դնում բոլորի առջև, այդպես էլ գիշերն է: Մի տարբերությամբ. այն երևում է բոլորին իր շքեղությամբ, սակայն շա՜տ քչերն են տեսնում դա:
Եւ քաղաքի հեռու շենքերից մեկից մի փոքրիկ լույս է երևում: Երիտասարդն իր հուզական կեցվածքով արդեն մի քանի անգամ Արարչին է մատուցում իր աղոթքը: Չէ՜, բնությունը չի համարձակվի դիպչել նրան, քանի դեռ նա տրված է սուրբ գործին, քանի դեռ նրա ձեռքերն ուղղված են վեր, քանի դեռ նրա աչքերը փակ են և թախծոտ: Նրա պահապանը գիշերվա և ցերեկվա Արարաիչն է: Նրան կշրջանցի գիշերվա թմրացնող շունչը, և կշրջափակի հանգիստն ու գիշերվան հատուկ զգացողությունը: Իրեն անզոր կարծող այդ երիտասարդը չի էլ նկատում գերբնական ուժերի կատաղի մարտը: Նա միայն լցվում է կասկածանքով, և վախենում արագ սլացող ժամանակից: Ամենաբարդը այդ պահին կասկածանքը ցրելն է, բայց, այնտեղ որտեղ կա բարին, ըստ չգրված օրենքների, կարող է և հայտնվում է չարը, որի նպատակն է խաթարել բարիքը, և պահը լցնել չարիքով: Իսկ որտեղի՞ց պիտի նա սկսի, եթե ոչ Բարուն ժխտելու իր թեզով, որը ժամանակին հենց եիրտասարդն էր ամբիոններից հերքում: Եւ կխղճա՞ն արդյոք նրան ու կողորմե՞ն, թե կթողնեն նորից երկու ուժերի միջև, և կպատեն նրան մահվան երկյուղով:
Ու հեռավոր վայրերում հրճվում են այլ երիտասարդներ, որոնք պատճառն են վերը նկարագրված երիտասարդի պահվածքի, քանի որ անգիտակից ձևով կերտել են այն մարդուն, ով ուրիշների նման չի վայելում գիշերվա թմրացնող շունչը և ճանապարհ է փնտրում դեպի խաղաղություն:
Բայց կանցնի գիշերը, կանցնի զորությունը, կգա ցերեկը, որը խավար է նրա համար: Ցերեկը կլուսավորի ու կարթնացնի բոլորին և ցույց կտա ամենքի կյանքը, որը նման չէ "գիշերվա երիտասարդի" կյանքին: Եւ նրան ոչինչ չի մնա անելու, քան սպասել խորը գիշերվան:
Ու իրիկնամուտին, երբ ցերեկն իր բնակիչների հետ նահանջում և տեղը զիճում է այն գիշերվան, որն արդեն կար երկրի ստեղծման առաջին իսկ օրերից, եկեղեցիները պարուրվում են խնկի անուշ բույրով, ցնծում՝ Բարձրյալին ուղղված աղոթքներով: Ամենակալին են ուղղվում փառքը, իշխանությունն ու պատիվը: Եւ թերևս դա այն բացառիկ դեպքերից մեկն է, որի ժամանակ լռության խախտումը արդարացվում է: Ապա խորանի առջև խոնարհվում է քահանան ու պտտվում մարդկանց. "Խաղաղութիւն ամենեցուն"… Եւ երկար տարիներ խաղաղություն փնտրողը սարսափում է այն մտքից, որ այն զգալու է միայն մահվան մահճում, և արտասուքով է փակելու իր աչքերը, քանի որ մի աբողջ կյանք է կործանել ու սպառել: Եւ այդքան կործանումներից հետո արդյո՞ք նրան խաղաղություն կսպասվի այնտեղ՝ կյանքի այն կողմում…
Dark Δ'
2018-02-25 22:43:09Երևակայող 007
2018-02-26 01:13:16+
2018-03-03 09:23:14Երևակայող 007
2018-03-06 20:44:03+
2018-03-06 23:08:50Երևակայող 007
2018-03-09 23:46:40+
2018-03-10 18:48:22Երևակայող 007
2018-03-11 01:02:19+
2018-03-11 22:07:00Երևակայող 007
2018-03-16 01:11:47