Copy SMS

Ներկայի ու անցյալի արանքում

Ներկայի ու անցյալի արանքում - դու,իմ , սրտում, ես


Գարնանային արևոտ օր էր, երբ մայթերն ինձ հուշեցին , որ մոլորակի մի փոքրիկ անկյունում ինձ կարոտում են : Այդ անկյունը այն գյուղն էր , ուր ապրում էին տատիկս ու պապիկս: Ու կարծես ապրիլյան քամին իմձ քշեց դեպի նրանց կարոտը , իսկ ոտքերս ուղղակի գնացին : Դրսում սառն էր , բայց  նոյնը չէր կարելի ասել ներսի մասին , որտեղ օդը լցվել էր ծեր ամուսինների սիրով : Ես այնտեղ ընդամենը երկու օրով էի գնացել , որովհետև երկու օրից կրկին երկուշաբթի էր ու կրկին տաղտկալի դպրոց : Այդ ընթացքում պարապում էի համալսարան ընդունվելու համար և մեղմ ասած ինձ չէի խնայում երազանքներիս ևս մեկ քայլ մոտենալու համար : Պարապելու ընթացքում հաճախ այնքան էի մխրճվում  գրքերիս մեջ , որ կարծես պոկվում էի աշխարհից :Ու այդ ժամանակ պապիկս գալիս ու նստում էր դիմացս , գրքերս թերթում ,այնտեղի հարցերը կարդում , ապա նաև հարցերին պատասխանելու փորձեր անում :Ես մեծ հաճույքով սկսում էի նրա հետ հարց ու պատասխաններիս շարանը , որովհետև միշտ սիրում էի նրա հետ խոսել, գրքեր քննարկել , բանավիճել ու անգամ խրատներ ստանալ մաթեմատիկա չսիրելու համար : Սիրում էի նաև խաչբառներ գրել պապիկիս հետ : Ե՜վ ուրախանում էր , որ կարողանում եմ գրել ,և՜ տխրում էր , որ իրեն էլ գրելու բան չեմ թողնում : Երբեմն վերցնում ու պահում էր այդ խաչբառները , որ չգտնեմ ու <<չփչացնեմ >> : Վայ, շեղվեցի բուն նյութից : Հասա այնտեղ , որ վերլուծում էինք իմ քննական հարցերը : Քննարկելուց հետո  պապիկս կախում էր գլուխը , խորհրդավոր հայցաք ընդունում ու էլի բարձրացնում գլուխը , ապա մտախոհ նայում դեմքիս ու շոյելով ասում.

_ Խնայի՜ր  քեզ , մեղկ ես :

Ես էլ իմ հերթին , ի պատասխան նրա շոյանքի ու խոսքերի , ժպտում էի ու ասում.

_ Լավ :

Երկար չէի նստում պապիկիս ասելուց հետո : Դուրս էի գալիս բակ , մեռած հայացքով նայում արևին , ծառերին ու ծաղիկներին : Հիշում էի , որ երկու ամսից այլևս ամառ է , ու վազում պապիկիս մոտ .

_Պա՜պ , հենց քննություններս վերջացնեմ , կգամ ու կմնամ էստեղ : Միայն ուզածս ձևով , անվճար ընդունվեմ ու գամ: Ամբողջ ամառ ձեզ հետ եմ լինելու :

_ Հա՜ , դու հանգիստ մնա , բալե՜ս ,- ասում էր պապիկս ,- գործերիդ նայիր , վերջացրու ու արի :Հենց ընդունվես , մեծ քեֆ եմ անելու ` պարտադիր խորովածով : 

Հետո շրջվում էինք , յուրաքանչյուրս հայացքներս ինչ-որ անորոշ կետի հառում ու մտածում այդ երանելի բաների մասին : Ինչպես քամին ինձ բերել էր ,այդպես էլ տանում էր Ուղղակի վերադառնալիս սիրտս արդեն կախ էր : Այդ գնալու անդուր վիճակը սահմանափակում էր կամքի ազատությունս : Ես չէի ուզում թողնել նրանց , բայց թողեցի , որովհետև հանգամանքներն էին ինձ այդպես ստիպում : Կանգնել էի մոլոր ու շիվար : Հետո շրջվեցի ու գրկեցի նրանց , չնայած ռոմանտիկ լինելով հանդերձ , միշտ չեմ սիրել սենտիմենտալ ու ձևական գրկախառնություններն ու պաչիկները : Ուղղակի այդ օրը ուժերիցս վեր էր անտեր թողնել նրանց կարոտն ու լուռ հեռանալ : Դրա համար էլ փորձեցի երկար գրկել , որ բացակայություններս գոնե գրկելով արդարացնեմ : Գրկելուց հետո դժկամորեն նստեցի ավտոմեքենան , որ անսիրտ անիվները ինձ տանեն : Հիշում եմ ` մեքենան դանդաղ հեռանում էր տան մոտից , իսկ պապիկիս կարոտով լի աչքերը ինձ հետ գնում էին : Պապիս այդ հայացքը շատ հաճախ է գալիս երազներումս և՜ որպես գեղեցիկ , և՜ որպես տխուր հուշ ...

   Եկավ չարաբաստիկ մայիսը : Ամեն ինչ կարծես իր հունով էր ընթանում մինչև այն պահը , երբ հեռուստացույցից հաղորդավարուհու սառը ձայնը հայտնեց ինչ-որ մեկի մահվան մասին : Կյանքումս առաջին անգամ այդ բառը անսովոր կերպով ծակեց ականջս : Նստեցի ու , խելագարի պես արտասվելով , մարդկանց կոչ ուղղեցի հավետ լռել մահվան մասին : Եվ բախտի ծաղրանքով առավոտյան իմացա , որ պապիկս լավ չէ : Իհարկե մեզ ասում էին մի փոքր լավ չէ , մի փոքր հիվանդ է , որ շատ չանհանգստանայինք : Երբ հասանք այնտեղ , պապիկս պառկած էր , իսկ կողքին անհանգիստ տատիկս էր , մեզ հորդորում էր չնեղվել : Պապիկիս պառկած տեսնելուն պես վազեցի խոհանոց : Հետ ու առաջ էի անում , ապա փորձում ոտքերս վստահ կերպով դնել գետնին ու մեջքն ուղիղ քայլել այնպես , կարծես ոչինչ էլ չէր եղել : Երկար այդպես քայլելուց ու ինքս իմ մեջ ուժ հավաքելուց հետո մտա հյուրասենյակ , ուր պառկած էր պապիկս : Տուն մտնելուս րոպեից ի վեր չէի մոտեցել նրան , այնինչ մյուսներն արդեն վաղուց շրջապատել էին նրա անկողինը : Երևի մտածում էր ` չեմ կարոտել իրեն , և ինձ համար միևնույնն է , բայց ես ուղղակի չէի ուզում նրան ավելորդ անգամ իմ արցունքներով վշտացենել: Սակայն իմ ողջ չլացելու փորձը ապարդյուն անցավ , որովհետև ես անտաղանդ դերասան դուրս եկա : Չկարողացա երջանիկ խաղալ ու կեղծ ժպիտ նկարել դեմքիս : Ուղղակի լաց եղա ու ամուր գրկեցի : Հաջորդ տեսակցության ժամանակ հիվանդությունն արդեն խորացել էր , ու պապիկս մեզ հետ միայն հայացքով էր շփվում : Այդ ժամանակ ես էլի փորձեցի ժպտալ ու էլի ապարդյուն: Արցունքները հոսեցին : Պապիկս ձեռքերը տարավ  այտերիս ու մաքրեց աչքերս , հետո ինձ քաշեց իր մոտ ու գրկեց : Այդ դեպքից անցավ մի քանի օր ու հիվանդությունը սրվեց . մայիսի ութին մենք կորցրինք նրան : Պապիկս չարեց իր խորովածը , իսկ ես չհասցրի նրան մատ անել ...

   Ու քեզնից հետո , պապի՜ կ , ուղղակի սովորել եմ , որ ճիշտը ապառնի ժամանակաձի բառեր չօգտագործելն է : Հասկացել եմ ` ինչ է ներկայով ապրելն ու ներկան գնահատելը : Ես էլ երբեք չեմ ասի կգամ , ուղղակի կմնամ : Եվ հիմա , երբ մենք ներկա ենք , իսկ դու անցյալ , զգում եմ , որ ժամանակաձևերս խառնվում են : Ուզում եմ ասել , որ անվճար եմ ընդունվել , ամենաբարձր միավորներով , եկել ու քեզ եմ փնտրում , որ միասին գոռանք ուրախությունից , բայց դու փախել ես : Փախել ու թաքնվել ես սառը հողակույտի տակ ` իմանալով , որ էլ երբեք քեզ չենք գտնի ...

   Եղանակները անվերջ փոխվում են , ու մենք էլ եղանակների պես ենք ` մեկ պայծառ գարուն ենք, մեկ էլ խորը աշուն : Ու հենց այդ խորը աշնանն ենք մեր զգացմունքները տերևներ դարձնում : Դեղին , չորացած տերևները տխրություն են խորհրդանշում , իսկ կարմիր տերևները` երջանկություն : Ես այսօր քեզ համար լիքը կարմիր տերևներ եմ քամու հետ ուղարկել , որ այդտեղ էլ հոգիդ հանգիստ ու խաղաղ մնա : Ու այսքանից հետո ուզում եմ ասել ծնունդդ շնորհավոր ,պա՜ պ , ես քեզ սիրում եմ ու անգամ այն ժամանակ , երբ մեզ բաժանում են ներկան ու անցյալը:          

                                                                                      Պապիկիս ` Վոլոդյա Աղաջանյանի հիշատակին 

1

0

44