Copy SMS

Անտեսանելի կողմը


Անտեսանելի կողմը - կյանք, ինքնություն, սեր

Քաղաքը գեղեցիկ էր զարդարված: Քայլում էի ուսումնասիրելով ամեն մի դետալ: Մատներս անվարժ  շարժումներ էին անում գրպանումս՝փորձելով գտնել տաքուկ անկյունը:

Քսանհինգ տարի,նրանք քսանհինգ տարի որոնում են... Ու՞ր եմ գնում: Դե իհարկե քայլերս անիմաստ տանում-բերում են ինձ մայթերով: Ես այդպես էլ ոչինչ չսովորեցի բացի հոգու լարերին նայելուց:


***

Դուռը շրխկոցով փակվեց: Ինչ-որ մեկը լքել էր մյուսին: Համենայն դեպս լացի ձայնը դա էր աղաղակում: Հա,գիտե՞ս,արցունքները ձայն ունեն: Օրինակ ինձ,ծնվելուս օրը դրանք աղաղակեցին,որ ես զգալու եմ ամեն բան: Ես բարձրաձայն ծիծաղեցի ու բուժքույրը կարծեց,թե հրեշտակներն են խաղում ինձ հետ: 

Ինձ շուտով դուրս գրեցին հիվանդանոցից:Ես ամբողջովին փաթաթված էի ինչ-որ հիմար կտորներով: Ինձ ձեռքից ձեռք էին փոխանցում ու ամեն մեկը մի յուրօրինակ ձայն էր արձակում: Ես զարմանում  էի  ու փակում աչքերս: Ի՞նչ են ուզում ինձնից այս մարդիկ: 

Այս հիմար կտորները նեղում են ինձ: Դե՜,թույլ տվեք ձեռքս դուրս հանեմ: Բոլորը ուրախ-ուրախ ժպտում էին:  Ի՜նչ անուշիկն է:

Ես դեռ չգիտեի,որ ձեռքերը այդ կտորի տակից դուրս բերելու համար ես ողջ կյանքում պայքարելու էի:


***

-Դե՜,շտապի՛ր,կուշանանք:

-Գալիս եմ:


Առավոտյան սովորական խոսակցություն: Ես էլի սուրճը մոռացա գազօջախին,շպարս էլի չստացվեց: Կարճ ասած իմ առօրյա պայքարը սկսված է: Ինձ կրկին ստիպեցին  ձեռնոցներ կրել: Թույլ տվեք դուրս հանեմ ձեռքերս…


Ես արագ-արագ իջա աստիճանները և վազեցի:  Ինձ կյանքում ոչ մեկը չէր սովորեցրել ինչպես են ապրում:Դե հա, դա ոչ մեկին չեն սովորեցնում:

Ահա դրա համար ես ամբողջովին սպիերով եմ պատված: Սկզբում դրանք  առաջանում էին մաշկիս վրա ու անցնում էին,երբ մայրս համբուրում էր արցունքոտ այտս: Հիմա դրանք հոգու մեջ են: Ցավոք,ցավոք ես դրանք մորս ցույց չեմ տվել: Կանցնեն…


Մայրս ձայն է տալիս,թե զգույշ կլինես: Ժպտում եմ: Հիմա կանեմ ևս երկու քայլ ու այդ չորս անիվներով հսկան ինձ կտանի փողոցով ներքև: Ասում են՝ մարդիկ սպասելու սովորություն ունեն: Ես ասում եմ՝նրանք ունեն հազար ու մի սովորություն,որոնցից հազարը անկարևոր է:


Եռանկյունաձև սեղանի մոտ կարևոր դեմքով մարդիկ քննարկում են,թե  ինչպես ապրել: Անհեթեթ հարց է: Ես օրինակ չեմ մտածում: Դա էլ է անհեթեթ: Քմծիծաղ մի տուր:

Նրանցից մեկը  հարցական դեմքով նայում է ինձ ու հարցնում.

-Որտե՞ղ  պետք է գտնել ճշմարտությունը:

-Դարակում,-պատասխանում է ձայնս:


Ինձ դուրս են հանում լսարանից և խորհուրդ տալիս լուրջ վերաբերվել ամեն ինչին: Բայց պատասխանը տվել էի ոչ թե ես,այլ ձայնս:Ինչևէ: Նայում եմ ձեռքիս ժամացույցին ու քայլերս ինձ տանում են սրճարան: Ջազզը լիտրերով ներս է լցվում:


Չորս անիվանի հրեշը կրկին սլանում է: Մեկն ակնապիշ ուսումնասիրում է մի աղջկա,մյուսը ականջակալներով իր մասին երգող է փնտրում: Ես հենվում եմ երկաթե բռնակին ու որոշում եմ տուն հասնելուն պես հորս հետ խոսել: Չէ,լուրջ բան չկա: Ես ուղղակի կարոտել եմ: Ես հիմա հաճախ եմ կարոտում: Պիտի որ մարդկային բնազդ լինի:

Վարորդը հարցնում է կանգառում իջնողների մասին և հարաբերական լռությունը խախտում է մի գեղեցիկ տիկին: Ես լուրջ դեմքով հանում եմ գրպանումս անդադար չխկչխկացող մանրադրամը ու մեկնում եմ վարորդին: Նա անտարբեր վերցնում է փայլող կլորը և նետում մյուսների մոտ: Մեզ էլ է կյանքը նետում:


Տուն տանող ճանապարհը երկարացրել եմ,որ էլի տեսնեմ թե ինչպես է մրգավաճառը իր հաստլիկ ձեռքերով նարինջ կշռում,իսկ ծաղիկ վաճառող տատիկը հայելու մեջ  մազերն է ուղղում: Ինչքան կանացի է ժպտում: Մոտենում եմ նրան ու մի փունջ ծաղիկ եմ գնում,ամենահասարակը: Կանացի ժպիտը պայծառանում է,միրգ կգնի:Դե ես էլ  մորս կնվիրեմ:


Սուրճը էլի թափվեց գազօջախին:Դե լավ թեյ կխմեմ:Ավելի համեղ է: Ne Me Quitte Pas-ն թեյի հետ ավելի համեղ է կուլ գնում:  Բացում եմ նոր գնած գիրքը, կարդում մի երկու էջ ու խախտում եմ լարի վրա ուղիղ գնացող կարոտի ընթացքը: Ընկնում եմ:


Առավոտյան կշարունակեմ: Քնում եմ:

Ամեն դեպքում ժպիտով եմ քնելու: Հանկարծ երազիս հյուր կգան,իսկ ես լուրջ-լուրջ մտածելիս կլինեմ: Անհեթեթ է: Վաղը օրացույցից մի օր էլ կպոկեմ,բայց այդպես էլ չեմ հիշի,թե որ կողմ են գնում երազները: Երևի աջ… Գնացի

8

1

613

  • Իռա
    2019-04-24 13:40:27
    (լավ)