Ո՞վ կհանդիպի
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին-
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր-
Եւ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր:-
-Ողջո՜ւյն քեզ անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզՙ հեռավոր եղբայր.
-Ողջո՜ւյն ձեզ, վաղվա չծնված կյանքեր:
-Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի...