Copy SMS

Մեռելածին անմահները|Արթուր

Մենակ էր…թերևս, ինչպես միշտ: Արթնացավ գարնանային այրող արևի շողերի ջերմությունից: Ժամը վեցն էր: Բացվող արշալույսի շղարշի ներքո նա իրեն գտավ հատակին: Երևի նորից չէր հասել անկողնուն… Արդեն բնազդաբար ձեռքը տարավ պահարանին, փորձելով վերցնել ինչ որ բան, բայց շոշափեց միմիայն դատարկություն: Շրջվեց և տեսավ, որ սրճի բաժակը չկա: Դատարկություն…սկսեց նորից մտածել դատարկության մասին, փորձեց մի քանի անգամ բռնել կամ էլ գեթ շոշափել օդը, թեկուզև գիտեր որ չի կարողանալու: Վերադարձավ իրականություն և մի պահ շանթահար կանգնեց, դեմքը ջղաձգվեց, բայց իսկույն


ընդունեց իրեն բնորոշ հանգիստ արտահայտությունը: Քայլերն ուղղեց դեպի խոհանոց, որպեսզի նորից թեյի բաժակոց սուրճ խմի: Մտնելով խոհանոց, ինչպես ամեն անգամ այնտեղ մտնելիս, կանգնեց պատուհանի դիմաց և սկսեց դուրս նայել: Աչքերով պրպտում էր փողոցը, ասես մարդկանց խռնված ամբոխի մեջ ջանում էր գնտել ինչ որ բան, ինչ որ… ինքն էլ չգիտեր ինչ էր փնտրում, ամեն անգամ այդ անիծյալ պատուհանի մոտ կանգնում էր ու մաշում ինքն իրեն, փնտրում էր գուցե ինչ որ բան, գուցե ոմն մեկին և ամեն անգամ ապարդյուն: Մի քանի րոպե լարված փնտրտուքից հետո, ճակատի փքված երակը սկսում էր վերադառնալ իր սովորական տեսքին: Անցավ պատուհանի կողքով նորից թողնելով այդ գաղտինքը մեջքի հետևում: Մտքում նույն նախադասությունն էր պտտվում, “կյանքը խոր օվկիանոս է, լի իր գաղտնիքներով և պետք է ընկղմվես որպեսզի հանես գանձդ, բայց միգուցե տեսնելով գանձը էլ երբեք…”. Միտքը կիսատ թողեց, արդեն սովոր էր այդպես անել, հոգնել էր ինքն իրեն մաշելուց, նախընտրում էր պարզապես մոռանալ և ընդունել, չնայած որ ինքն էլ գիտեր որ չէր կարող, անիծված էր իր ծննդյան պահից ի վեր, այն անեծքով, որը կեղեքում է քեզ մինչև գերեզման և անգամ հետո, իսկ մյուսները դա վերից տրված շնորհ են համարում: Բացեց պահարանի դուռը և անգամ չէր կարողանում ինքն իրեն ստիպել բարձրացնել ձեռքերը, վերցնելու սրճի տուփը. Ասես մի անասելի թուլություն էր խժռում նրա մարմինը ներսից, որի բնույթը ինքն ևս լավ չէր հասկանում, քանզի այն մեկ ուժ էր տալիս իրեն, մեկ ծնկների բերում: Ինչևէ, հենվելով սեղանին ձեռքը հասցրեց ամանին և իջեցրեց ամանը: Համարյա դատարկ էր: Նորն էր պետք գնել: Լցրեց վերջին մի քանի գդալը և ասես դուրս եկավ սեփական մարմնից, տեսավ ինքն իրեն հետևից, հիշեց սրճի պատմությունը, պատկերացրեց թե այդ սուրճը ինչ ճանապարհ է անցել մինչև իրեն հասնելը, հիշեց և իր պատմությունը… անմիջապես վերադարձավ իր մարմին, ինչպես շանթահար և նայելով պատից կախված հնամաշ, դեղնած ժամացույցին նկատեց որ արդեն մի քանի րոպե անցել է, նորից ընկավ մտորումների գիրկը սուրճը պատրաստելով, միթե ամբողջ կյանքը պետք է մի գավաթ էժան սուրճ լիներ… որ այդքան սպասումներով պետք է պատրաստած լինեյին, և երբ  վերնջականապես պատրաստ լիներ հասկանային որ բանի պետք չէ, խմեյին և բաժակը նետեյին ծորակի տակ: Չէ, չէր կարելի այդպես… բայց ինչ աներ, չէ որ անզոր էր մի փտող դիակի դեմ, որը կոչվում էր աշխարհ և որի վրայի մրջյուններ հանդիսանալով նա և իր տեսակի մյուս արարածները չէին ուզում անգամ ծաղիկներ տնկել ի հիշատակ այդ “աշխարհի”: Նորից ինքն իրեն սաստեց և շարունակեց լուռ ու մունջ իր սուրճն եփել: Սուրճը խառնելով լցնում էր բաժակի մեջ և մտածում մարդկային էության մասին, ի՛ր էության մասին և տարօրինակ զգացողություն էր ապրում, ասես միաժամանակ գիտեր ամեն ինչ և չգիտեր ոչինչ: Ահա և սրճի առաջին ումպը: Օրը սկսվեց,  կամ միգուցե դա ավարտն էր նոր օրվա: Գնաց լոգարան: Երբ երեխա էր սիրում էր նայել սալիկների արանքներում մնացած տարածություններին և պատկերացնել թե դրանք տարբեր մարդկանց, քաղաքների, աշխարհների միջև ճանապարհներ են: Իսկ այսօր՝ ճաքած սալիկները էլ ավելի ճյուղավորված ճանապարհ էին, սակայն արդեն դատարկ, ինչպես հայելին, որի մեջ ինքն իրեն նայելով նկատեց որ սպիտակ մազերը էլ ավելի էին շատացել, չնայած դեռ բոլորովին երիտասարդ էր: Միգուցե երիտասարդ էր միայն մարմնով… ջուրը բացեց ու նայում էր հայելուն: Երբեմն ժամերով կարող էր նայել հայելուն, ասես այնտեղ փնտրում էր նույն բանը ինչ խոհանոցի պատուհանից: Ջուրը շարունակում էր ծորալ: Նա ջուրը բացել էր ամբողջովին և ծորակից կաթիլներ էին թռչում մերթ սրճի մեջ, մեկ էլ իր շուրթերին և կոպերին: Նայում էր հայելու մեջ և արդեն ոչինչ չէր զանազանում: Հայելու մեջ արտացոլվում էր նրա օրեր, ամիսներ, ով գիտե, գուցե և տարիներ չհավաքված խառնաշփոթը…ոչ միայն լոգասենյակի: Նայում էր ինքն իր աչքերին և խորթ էր իրեն գտնում, ինքն իրեն չէր տեսնում: Երբ նայում էր թարթիչներից կախված կաթիլի միջով տեսնում էր իրեն, սակայն այնքա՜ն աղոտ: Ախ ինչեր կտար որ կարողանար ինքն իր առջև կանգնել: Նորից սթափվեց: Երկար ժամանակ է ինչ ուզում էր թարգ տալ իր բաց ծորակի առջև կանգնելու սովորույթին, սակայն չէր գտնում պատճառներ այդպես վարվելու: Ջուրը շփեց երեսին և իրեն կաթիլ զգաց: Բավակա՛ն է: Ինքն իր զայրույթը առաջ բերելով, բորբոքված լվաց երեսը, ճանկեց սրբիչը կախիչից և սկսեց սրբել երեսը կատաղորեն, ասես սրբում էր հարյուրամյա մրից: Սրբիչը նետեց մի կողմ, վերցրեց բաժակը և պառկեց բազմոցին: Տուփի մեջ մնացել էր երեք ծխախոտ: Դուրս գալ է հարկավոր: Վառեց ծխախոտներից մեկը և տիեզերագույն ծխի քուլաները սկսեցին լցնե ենթագիտակցության և սենյակի անկյունները: Ծխախոտը բերանում էր, բայց անգամ չէր ծխում, պարզապես ակնապիշ նայում էր առաստաղին: Շատ վաղուց չներկված առաստաղին մնացել էր երկու զանգակի նկար, թերևս դա նկար չի կարելի կոչել, միայն դրանց ուրվագծերը: Ծխում էր և մտովին ծխով լրացնում պատկերը, փնտրելով այնտեղ ինչ որ բան. Հոգնել էր փնտրելուց: Բերանին մոտեցրեց բաժակը և ևս մի կում արեց: Ասես զգում էր թե ինչպես է սուրճն իր կոկորդով անցնում: Աչքերը փակեց, արտաշնչեց և կրկին բացեց, շուրջ բոլորի դեղնած և հնացած ամեն ինչը մի պահ նրան անիրական թվացին: Ծխախոտը հանգցնելով հին ճենապակյա ափսեներից մեկի վրա, որի վրա մնացել էին շատ և շատ սրճերի գավաթներից թափված կաթիլների հետքերը, բաժակը թարավ շուրթերին: Ցանկանում էր ևս մի կում անել: Հասկացավ որ բաժակը դատարկ է և բացեց աչքերը:

Սուրճը վերջացավ:

Վերջացավ նաև օրը:




3

0

139