Copy SMS

Հուն 06

Առանց «ինչու»-ների ու «որովհետև»-ների..

- Արի´: Նստի´ր Կողքս: Ժպտա´, դա ինձ արդեն հերիք է 
- Գիտե ՞ ս, ես հավատում եմ
- Ու ՞մ: Լավ, կամ ինչի՞ն
- Ամենին: Ես հավատում եմ իմ արևին, հավատում եմ ժպիտին, հավատում եմ իմ երազներին ու երազանքներին: Քեզ էլ եմ հավատում` ուրիշ  ելք չունեմ:
- Բայց ես վատն եմ: Ինձ պետք չէ հավատալ: Մի օր ես կգնամ ու դու էլի կգնաս այ այն անկյունը` այն քո աշխարհը: Ես դա ուղղակի չեմ ուզում: Առանց բացատրությունների, առանց ինչու-ների ու որովհետև-ների: Ես քեզ չեմ սիրում: Ես քեզ ուղղակի ունեմ իմ ներկայում, ունեցել եմ ոչ վաղ անցյալում ու պահպանում եմ, որ ունենամ հեռու ապագայում: Իմ հետ հույսեր չկապես, ապրիր ուղղակի, ապրիր ազատ` առանց «ինչու»-երի ու «որովհետև»-ների, որոնք դու այդքան շատ ես սիրում
- Ես ազատ եմ: Ու ապրում եմ, ուղղակի ապրում: Բայց հավատում եմ քեզ, որովհետև ազատ եմ, երբ տեսնում եմ քեզ, ժպիտդ, երբ դու անկեղծ ես ինքդ քո հետ, երբ կեղծ ու արհեստական չես: Ես զուրկ եմ այդ 
կապանքներից  միայն այդ դեպքերում: 
- Էլի «բայց» ու էլի «որովհետև»
- Ըհն.., - (Լռություն), - Յուրաքանչյուր խոսք պիտի  դուրս գա մեր բերանից  ինչու՞  հարցը տալուց ու որովհետև  բացատրությունը ստանալուց հետո: 
- Դեռ մարդ չես դարձել, Փոքրի~կ
- Ի~: Ինչու՞ Իմ տարիքում մարդիկ արդեն սեփական բիզնեսն են ունենում, ստեղծած են լինում ամուր կամ ոչ այդքան ամուր ընտանիք ու արդեն ուրախանում են իրենց համով բալիկներով: 
- Մարդիկ սովոր են արարքներ գործել` անգամ իրենք իրենց չտալով այդ ինչու հարցը ու չստանալով որովհետև բացատրությունը: Նրանք անում են գործը ու հեռանում.,
- Իսկ  ամենակարևորը ու՞մ են թողնում: Ի՞նձ: Լավ, ինչ արած, դրանք էլկվերցնեմ: Մեկ է, ես հավատում եմ  այդ բացատրության ու հարցերի կարիք չզգացող մարդկանց: 

Մի քանի րոպե լռություն է: Փոքրիկը չի լսում զրուցակցի ծանր շնչառությունը ու խառնվում է
- Հե~յ: Գնացի՞ր: Իսկ, իսկ քո «ինչու՞»-ն , իսկ «որովհետև՞»-ը...

Փոքրիկը վերցնում է այդ հարցերի ու բացատրությունների կույտը ուսերին ու ծանր քայլերով դուրս գալիս  այդ հավատով լի սենյակից, որտեղ սովորաբար հանդիպում  էր իր հավատի ու ազատության ընկերոջ հետ:
Հուն 06

Աչքեր չունեցող երազանքը…

Ես մի բարեկամ ունեի…նա տաղանդավոր էր` անխուսափելիորեն նաև տարօրինակ:
Խոսում էինք ամեն ինչից, նրա հետ լռել կարելի էր ամեն բանի շուրջ. նրա մոխրամանն էլ մի ժամում պռնկեպռունկ լցվում էր հոգոցով ու լուռ նվնվոցով. նա նրանցից էր, ովքեր վերջիվերջո գժվում են:
Հերթական զրույցներից մեկի ժամանակ ասացի նրան` արքիմեդյան շունչ տալով տոնիս.
-Գիտես, երեկ եմ հասկացել` երազանքս կապույտ աչքեր ունի…
Հայացքը կտրուկ բարձրացրեց, ու սպառնալիքով նայեց աչքերիս.
-Մի երազիր…
Ասաց ու մտավ խոհանոց: Հետևեցի նրան: Վերցրեց սրճեփն ու սկսեց.
-Լցնում եմ մաքուր ջուր` պարզ ու թափանցիկ է…ավելացնում եմ երկու գդալ լիքը սուրճ. այն սև է, դառը.. տես պղտորեց ջուրը, լուծվեց, ներծծվեց ջրածնի ու թթվածնի ամեն մոլեկուլին…սուրճը պատրաստ է, դառն եմ պատրաստել, վայելիր, թող սև հեղուկը ձուլվի արյանդ գնդիկներին, ու ոչ դու, և ոչ էլ ուրիշ մեկը չի հիշի ծորակից թափվող մաքուր ջրի մասին…
Ես ապուշ կտրած նայում էի դեմքին, կապ չտեսնելով սուրճի փիլիսոփայության ու իմ կապուտաչյա երազանքի միջև:
-Համո՞վ է,- հարցրեց:
-Ըհը,-պատասխանեցի` սպասելով, որ բացատրի նախորդ ասածները:
-Ամեն ինչ հենց այսպես է սկսվում. հարաբերությունները սկզբից ջրի նման մաքուր են թվում, հետո ուզես թե չուզես, երկու գդալ սև սուրճի նման նրա մեջ են ընկնում կասկածն ու հեռավորությունը, սուտն ու անտարբերությունը… ու… ու հունցվում է այն դառը զանգվածը, իմ ու քո սուրճի պես դառը զանգվածը, որից մարդիկ կախվածություն ունեն…առանց դրա չեն կարող, ինչպես ես առանց ծխախոտի, ու դու` առանց սուրճի…
-Էլ համբերությունս թույլ չի տալիս լսել զառանցանքներդ, պարզ խոսիր, ասա ինչո՞ւ չերազեմ, ու վերջ…
-Որովհետև երազանքները պարապ մարդու ձգտումներ են… քո կապույտ աչքերով երազանքը մի գավաթ սուրճ է… երազանքդ սովորություն է, սուրճի, ծխախոտի, ալկոհոլի նման վատ սովորություն է, որ խառնվել է արյանդ, մաշկիդ, ուղեղիդ ծալքերին… դա չէ քո երազանքը… դա մի բաժակ մաքուր ջուր էր, որին դու հազար ու մի գդալ սուրճ ավելացրիր, հունցեցիր…հունցեցիր, դարձրիր փոթորիկ` կապույտ աչքերով մոլուցք, կապույտ աչքերով սովորություն, բայց ոչ երազանք…հանիր նրա կապույտ աչքերը, ու կտեսնես, որ նրա տակ ոչինչ չի մնում, բացի դառնությունից, կատաղությունից` իմ ու քո սիրած սուրճի մրուրի նման: Քո այդ երազանքը փուչ բան է…
…Ու այսօր սուրճս եփելիս հիշեցի բարեկամիս, մեր զրույցը, ու սթափվեցի միայն այն ժամանակ, երբ սուրճը տարածվեց սալօջախովս մեկ… սուրճ չխմեցի: Բայց իսկապես, հիմա երազանքիցս համարյա ոչինչ չի մնացել… սրճեփի նման դատարկ եմ… թափվել է երազանքս… նա կապույտ աչքեր չունի…նա ընդհանրապես աչքեր չունի… նա չկա…
Հուն 06

Կյանք

Ի՜նչ է այս կյանքը...Կորած, մոլորված երազանքների մեծ քառակուսի... Ասում են, թե պետք է ապրել ամեն պահը, բայց ինչպես ապրել, երբ քո մտքերում քամի է փչում՝ սա՜ռը, մենա՜կ... Երանի թե հնարավոր լիներ երաժշտության պես կանգնեցնել կյանքը ու կրկնել երջանկությունը...
   Գիտեք, մի օր մեկը ինձ ասաց, որ պետք է ապրել միայն ժպտալով, թեկուզև ներսումդ փոթորիկ է... Թույլ մի տուր, որ աշխարհը փոխի ժպիտդ, այլ դու փոխիր քո ժպիտը...
Հուն 06

Գիտե՞ս, բարեկա՛մ...

Գիտե՞ս, բարեկա՛մ,
Կյանքի այս ուղում
Լինի դա դժվար,
Թե լինի տխուր,
Մենք ենք նկարում
Կյանքը մեր ուրույն:
Մենք ենք որոշում,
Թե ով է մեզ հետ,
Ով է թշնամի,
Ով է բարեկամ:
Միայն մի ուղում
Աստված է օգնում.
Հեռացնում է տես
Մեզնից ընկերներ`
Թեկուզ հարազատ,
Ու մտերմացնում
Մեզ այն անձանց հետ,
Ովքեր մեզ համար
Զուտ ծանոթ են դեռ:
Չէ՛, բարեկա՛մ իմ, դժվար չի կյանքը,
Մենք ենք այն այսքան բարդը դարձնում,
Մենք ենք որոշում, որ լինենք ուրախ,
Միայն մի դեպքում Աստված է օգնում`
Ու հեռացնում է մեզնից այն մարկանց
Ովքեր մեր կյանքում մեծ դեր են խաղում...
Նա հեռացնում է քեզանից նրան,
Ով իրականում քոնը չէ այդքան.
Քոնը դեռ հետո, հետո է գալու..
Հուն 06

Ռուսերենի միջազգային օր

Ռուսերենի օրն առաջին անգամ եվրոպական օրացույցում հայտնվեց 2010թ., երբ ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունն առաջարկեց ստեղծել տոներ՝ նվիրված կազմակերպության պաշտոնական լեզուներին: Որոշումը կայացվեց հենց Մայրենի լեզվի միջազգային օրվա նախօրեին: Ռուսերենի տոնը նշանակվեց հունիսի 6-ին՝ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը:

Պուշկինը համարվում է ժամանակակից ռուսերենի հիմնադիրը: Ռուսերենը՝ աշխարհի խոշոր լեզուներից մեկը, համարվում է ամբողջ աշխարհում ամենատարածված սլավոնական լեզուն, ինչպես նաև ամենատարածված եվրոպական լեզուն աշխարհագրական դիրքի տեսանկյունից:

Ռուսերենը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, պաշտոնական լեզու է համարվում նաև ԱՊՀ մի քանի երկրում, Աբխազիայում և  Հարավային Օսիայում: Ռուսերենը նաև համարվում է ոչ պաշտոնական շփման լեզու նախկին ԽՍՀՄ երկրներում: