Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 06

Աչքեր չունեցող երազանքը…

Ես մի բարեկամ ունեի…նա տաղանդավոր էր` անխուսափելիորեն նաև տարօրինակ:
Խոսում էինք ամեն ինչից, նրա հետ լռել կարելի էր ամեն բանի շուրջ. նրա մոխրամանն էլ մի ժամում պռնկեպռունկ լցվում էր հոգոցով ու լուռ նվնվոցով. նա նրանցից էր, ովքեր վերջիվերջո գժվում են:
Հերթական զրույցներից մեկի ժամանակ ասացի նրան` արքիմեդյան շունչ տալով տոնիս.
-Գիտես, երեկ եմ հասկացել` երազանքս կապույտ աչքեր ունի…
Հայացքը կտրուկ բարձրացրեց, ու սպառնալիքով նայեց աչքերիս.
-Մի երազիր…
Ասաց ու մտավ խոհանոց: Հետևեցի նրան: Վերցրեց սրճեփն ու սկսեց.
-Լցնում եմ մաքուր ջուր` պարզ ու թափանցիկ է…ավելացնում եմ երկու գդալ լիքը սուրճ. այն սև է, դառը.. տես պղտորեց ջուրը, լուծվեց, ներծծվեց ջրածնի ու թթվածնի ամեն մոլեկուլին…սուրճը պատրաստ է, դառն եմ պատրաստել, վայելիր, թող սև հեղուկը ձուլվի արյանդ գնդիկներին, ու ոչ դու, և ոչ էլ ուրիշ մեկը չի հիշի ծորակից թափվող մաքուր ջրի մասին…
Ես ապուշ կտրած նայում էի դեմքին, կապ չտեսնելով սուրճի փիլիսոփայության ու իմ կապուտաչյա երազանքի միջև:
-Համո՞վ է,- հարցրեց:
-Ըհը,-պատասխանեցի` սպասելով, որ բացատրի նախորդ ասածները:
-Ամեն ինչ հենց այսպես է սկսվում. հարաբերությունները սկզբից ջրի նման մաքուր են թվում, հետո ուզես թե չուզես, երկու գդալ սև սուրճի նման նրա մեջ են ընկնում կասկածն ու հեռավորությունը, սուտն ու անտարբերությունը… ու… ու հունցվում է այն դառը զանգվածը, իմ ու քո սուրճի պես դառը զանգվածը, որից մարդիկ կախվածություն ունեն…առանց դրա չեն կարող, ինչպես ես առանց ծխախոտի, ու դու` առանց սուրճի…
-Էլ համբերությունս թույլ չի տալիս լսել զառանցանքներդ, պարզ խոսիր, ասա ինչո՞ւ չերազեմ, ու վերջ…
-Որովհետև երազանքները պարապ մարդու ձգտումներ են… քո կապույտ աչքերով երազանքը մի գավաթ սուրճ է… երազանքդ սովորություն է, սուրճի, ծխախոտի, ալկոհոլի նման վատ սովորություն է, որ խառնվել է արյանդ, մաշկիդ, ուղեղիդ ծալքերին… դա չէ քո երազանքը… դա մի բաժակ մաքուր ջուր էր, որին դու հազար ու մի գդալ սուրճ ավելացրիր, հունցեցիր…հունցեցիր, դարձրիր փոթորիկ` կապույտ աչքերով մոլուցք, կապույտ աչքերով սովորություն, բայց ոչ երազանք…հանիր նրա կապույտ աչքերը, ու կտեսնես, որ նրա տակ ոչինչ չի մնում, բացի դառնությունից, կատաղությունից` իմ ու քո սիրած սուրճի մրուրի նման: Քո այդ երազանքը փուչ բան է…
…Ու այսօր սուրճս եփելիս հիշեցի բարեկամիս, մեր զրույցը, ու սթափվեցի միայն այն ժամանակ, երբ սուրճը տարածվեց սալօջախովս մեկ… սուրճ չխմեցի: Բայց իսկապես, հիմա երազանքիցս համարյա ոչինչ չի մնացել… սրճեփի նման դատարկ եմ… թափվել է երազանքս… նա կապույտ աչքեր չունի…նա ընդհանրապես աչքեր չունի… նա չկա…
Օգս 29

Հույսի բեկորներ


Ահա, լսվում են բազու՜մ, բազմազա՜ն
Աղոթքի ձայներ…
Որդիս ետ դառնա` տու՛ն վերադառնա :
Ահա, նայում են բազու՜մ, բազմազա՜ն աչքեր
Ետ դարձի ճամփին,
Ով իր ամուսնու ,ով իր զավակի:
Աչքեր ,որ շատ են լացել
Աչքեր,որ այդ սպասումից
Քա՛ր են դարձել :
Ահա լսվում են բազու՜մ, բազմազա՜ն
Զարկեր` բաբախող սրտի
Սիրտ, որ շա՜տ է սպասել
Ու այդ սպասումից էլ չի՛ դիմացել :
Ահա սպասում ես հույսով,հավատով,
Որ դատարկ տունդ կլցվի նորի՛ց,
Որ ծուխն երդիկից կծխա նորի՛ց,
Եվ ահա սպասում
Այն վերջին հույսի բեկորին ,
Որ ե՛տ կգան
Հայրեր ու որդիք,
Նորի՜ց ու նորի՜ց:
Օգս 29

Պատրանք

Հեռվում կարծես
Նշմարվում են ինձ`
Աչքեր կարոտած,
Աչքեր զարմացած:
Տեսնում եմ դեմքդ,
Տեսնում հայացքդ
Հառած ինձ վրա:
Ձեռքերս եմ պարզում
Գրկել՝ փարվե՛լ եմ ուզում
Կարոտս առնե՛լ եմ ուզում
Բայց դու չքանում
Թողնում ու լուռ հեռանու՜մ:
Գրկել՝ փարվել չե՜մ կարողանում,
Կարոտս առնել չե՜մ կարողանում,
Լուռ կարոտում եմ`
Կարոտն իմ սրտի
Խեղդել եմ ուզում
Եվ մոռանալ մոռանալ
Աչքերն կարոտած
Աչքեր՝ զարմացած:
Մոռանալ-մոռանալ
Չե՜մ կարողանում:
Մայ 17

Փակ աչքերով...

Փակ աչքերով են կարոտում,զգում,անկեղծ ժպտում,հավատում,գրկում:Փակ աչքերով է,որ ցավ ենք զգում:Փակում ենք աչքերն ամուր՜-ամու՜ր,որ արցունքները գլորվեն մեկը մյուսի հետևից:Ու միայն նույն կերպ ենք ի վիճակի լինում զսպել գոռոցը մեր փխրուն հոգու:
Ու այս ամենի բացատրությունը ուզում եմ տալ մի քանի բառով:Միայն ամուր,իրար սեղմված կոպերն են ի վիճակի իրենց մանր-մանր նյարդերով զսպել հազար հարյուրավոր դելանոց ցավը:Ամենամանր նյարդերն են,որ դիմանում են,ամենամանր երակներն են,որ մատակարարում են լույս հաճախ խամրող կյանքին:
Աչքերը...Ա՜խ,որքան լավ կլիներ,որ մարդիկ սիրահարվեին փակ աչքերով,այսինքն զգալով,ոչ թե տեսնելով:Աչքերն անշուշտ միայն տեսնելու համար չեն և ոչ էլ հիանալու:Պարզապես մարդն ի սկզբանե խառնել է ֆունկցիան:Զգալու և տեսնելու միջև:
Ու ի վերջո մեր փակ աչքերն ավելի շատ են տեսնում,զգում ու հասկանում:Եվ ում է պետք այդ քունը,որ անջատում է մեր մեջ ապրող ամենավառ լույսը:Ու վերջում ուզում եմ փչացնեմ գրառումս,ուզում եմ խոստովանեմ,որ Կարոտում Աչքերդ...,Ինձ ամեն ինչ խոստացող աչքերդ,այն աչքերդ,որոնց մեջ վախենում էի նայել: