Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Ապր 05

Հուզակռիվ

Գիտե՞ք` ինչ դժվար է, երբ միշտ ուրիշի զգացմունքներով ես ապրել քոնն անջատելու պատճառով: Ուրիշի հույզերը նույնիսկ ավելի լավ ես պատկերել, կարծես հենց դու էիր այդ կտավի հեղինակը, ով փորձում էր հնարավորինս լցնել այդ կտավի դատարկությունը ամեն տեսակ գույներով... կեղտոտ, թե բարոյական... կարևորը կատարում են մի շատ հեշտ առաջադրանք. ներկում են աններկելին... այո', դատարկությունը: Գուցե զարմանաք ձեր զգացմունքների անանուն ավազակի ցինիզմի վրա:
Ու հանկարծ ես, որ այդքան վարպետորեն ու աննկատ գողանում էի ձերը ու դարձնում մերը կամ իմը, փակուղի եմ մտնում, բաց հույզերի փակուղի: Հայտնվում է մեկը, ում համար ակամայից արթնանում են թվացյալ սառած հույզերը... պաշտպանողական մեխանիզմ, որը կոտրելու համար անհրաժեշտ էր ընդամենը մի տաք շունչ կամ էլ շունչ, որն ուղղակի քեզ կյանքի կկոչի թեկուզ իր սառը ձեռքերով ու անտարբերությամբ: Ու նա, ում ձեռքին զգացմունքներս դառել են մի նոր հազվագյուտ խաղալիք, կարծես գողանում է իմ սեփականաշնորհած ուրիշի զգացմունքները: Գողանում ու վերադարձնում է ձեզ: Այլևս դրանցով չեմ ապրում..կամ էլ դրանք այլևս իմ մի մասը չեն կազմում: Այն արևը, որ ստանում եմ հիմա, մի փոքր ստվեր է գցել ձեր մշուշոտ պատրանքների վրա: Ու.. չգիտեմ, դավաճանում եմ ինձ, թե ձեզ (այնքան եմ ձուլվել), բայց այլևս չեմ կարողանում գտնել ճիշտ բեմ ու լուսավորում ձեր բեմականացման համար: Չէ՞ որ միշտ էլ ես եմ եղել ձեր անկաշկանդ խաղի հանդիսատեսն ու սուր քննադատը: Իսկ հիմա ինձ զգում եմ այնպես, ինչպես թատրոններից հոգնած, իր նոր հույզերի համար օթևան փնտրող անկոչ մի թափառաշրջիկ: Ինձնից դաժան ավազակներ էլ կան. բացի ձեզ գողանալուց, նա ինձ վերածեց սին հույսերի ու անպետք հույզերի մի քարանձավի, որտեղ իշխում է մեծն դատարկությունը... Հենց այն, ինչից խուսափում էիք... Հենց այն, ինչի ղեկավարումը ստանձնեցի ինքս: Մնացել եմ դատարկ կտավը ձեռքիս և փնտրում եմ հմուտ նկարչի, քանի որ իմ գույներն արդեն սպառվել են... Գրողը տանի, ինձ նույնիսկ նկարիչ պետք չի: Ներկապնակս գողացած ավազակին եմ ուզում....
3

2

734