Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 20

Երանի՜

                                    Երանի... 


Երանի մի պահ կարողանայինք հետ գնալ անցյալ... մենք այնքան ճիշտ կապրեինք՜ ։ Երանի մի պահ իսկապես զգայինք դիմացինի ցավը, մենք այնքան քիչ կխոսեինք ու քիչ խորհուրդներ կտայինք... երանի մի պահ կարողանայինք ներել մարդկանց, ում արդեն կորցրել ենք... հիմա քի՜չ կկարոտեինք...երանի մի պահ հասկանայինք լսելու արվեստը, մենք հաճախ կլռեինք... Երանի մենք հպարտ չլինեինք , որ կարողանայինք ճիշտ պահին  "սիրում եմ" ասել։
Հուն 06

Աչքեր չունեցող երազանքը…

Ես մի բարեկամ ունեի…նա տաղանդավոր էր` անխուսափելիորեն նաև տարօրինակ:
Խոսում էինք ամեն ինչից, նրա հետ լռել կարելի էր ամեն բանի շուրջ. նրա մոխրամանն էլ մի ժամում պռնկեպռունկ լցվում էր հոգոցով ու լուռ նվնվոցով. նա նրանցից էր, ովքեր վերջիվերջո գժվում են:
Հերթական զրույցներից մեկի ժամանակ ասացի նրան` արքիմեդյան շունչ տալով տոնիս.
-Գիտես, երեկ եմ հասկացել` երազանքս կապույտ աչքեր ունի…
Հայացքը կտրուկ բարձրացրեց, ու սպառնալիքով նայեց աչքերիս.
-Մի երազիր…
Ասաց ու մտավ խոհանոց: Հետևեցի նրան: Վերցրեց սրճեփն ու սկսեց.
-Լցնում եմ մաքուր ջուր` պարզ ու թափանցիկ է…ավելացնում եմ երկու գդալ լիքը սուրճ. այն սև է, դառը.. տես պղտորեց ջուրը, լուծվեց, ներծծվեց ջրածնի ու թթվածնի ամեն մոլեկուլին…սուրճը պատրաստ է, դառն եմ պատրաստել, վայելիր, թող սև հեղուկը ձուլվի արյանդ գնդիկներին, ու ոչ դու, և ոչ էլ ուրիշ մեկը չի հիշի ծորակից թափվող մաքուր ջրի մասին…
Ես ապուշ կտրած նայում էի դեմքին, կապ չտեսնելով սուրճի փիլիսոփայության ու իմ կապուտաչյա երազանքի միջև:
-Համո՞վ է,- հարցրեց:
-Ըհը,-պատասխանեցի` սպասելով, որ բացատրի նախորդ ասածները:
-Ամեն ինչ հենց այսպես է սկսվում. հարաբերությունները սկզբից ջրի նման մաքուր են թվում, հետո ուզես թե չուզես, երկու գդալ սև սուրճի նման նրա մեջ են ընկնում կասկածն ու հեռավորությունը, սուտն ու անտարբերությունը… ու… ու հունցվում է այն դառը զանգվածը, իմ ու քո սուրճի պես դառը զանգվածը, որից մարդիկ կախվածություն ունեն…առանց դրա չեն կարող, ինչպես ես առանց ծխախոտի, ու դու` առանց սուրճի…
-Էլ համբերությունս թույլ չի տալիս լսել զառանցանքներդ, պարզ խոսիր, ասա ինչո՞ւ չերազեմ, ու վերջ…
-Որովհետև երազանքները պարապ մարդու ձգտումներ են… քո կապույտ աչքերով երազանքը մի գավաթ սուրճ է… երազանքդ սովորություն է, սուրճի, ծխախոտի, ալկոհոլի նման վատ սովորություն է, որ խառնվել է արյանդ, մաշկիդ, ուղեղիդ ծալքերին… դա չէ քո երազանքը… դա մի բաժակ մաքուր ջուր էր, որին դու հազար ու մի գդալ սուրճ ավելացրիր, հունցեցիր…հունցեցիր, դարձրիր փոթորիկ` կապույտ աչքերով մոլուցք, կապույտ աչքերով սովորություն, բայց ոչ երազանք…հանիր նրա կապույտ աչքերը, ու կտեսնես, որ նրա տակ ոչինչ չի մնում, բացի դառնությունից, կատաղությունից` իմ ու քո սիրած սուրճի մրուրի նման: Քո այդ երազանքը փուչ բան է…
…Ու այսօր սուրճս եփելիս հիշեցի բարեկամիս, մեր զրույցը, ու սթափվեցի միայն այն ժամանակ, երբ սուրճը տարածվեց սալօջախովս մեկ… սուրճ չխմեցի: Բայց իսկապես, հիմա երազանքիցս համարյա ոչինչ չի մնացել… սրճեփի նման դատարկ եմ… թափվել է երազանքս… նա կապույտ աչքեր չունի…նա ընդհանրապես աչքեր չունի… նա չկա…